Մատչելիության հղումներ

Ցույցեր Բելգրադում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել


Բելգրադում ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության ներկայացուցիչները երեկ փորձել են ներխուժել քաղաքային վարչակազմի շենք։ Ցուցարարները կոտրել են շենքի դռների ապակիները, ի պատասխան, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ավելի քան 30 ցուցարար է ձերբակալվել, հայտնում է «Ազատության» բալկանյան ծառայությունը։

Սերբիայում դեկտեմբերի 17-ին արտահերթ խորհրդարանական և տեղական մարմինների ընտրություններ էին։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած իշխող դաշինքը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների մոտ 47 տոկոսը։ Երկրորդ տեղում «Սերբիան ընդդեմ բռնության» կոալիցիան է՝ հավաքելով ձայների 23 տոկոսը։

Բելգրադում երկու կուսակցությունների օգտին քվեարկել են մոտավորապես նույն թվով ընտրողներ․ ընտրություններին մասնակցածների մոտ 38 տոկոսը քվեարկել է նախագահական կոալիցիայի օգտին, իսկ 34 տոկոսից մի փոքր ավելին` ընդդիմության օգտին։

Սերբիայում արդեն յոթերորդ օրն է ընդդիմադիրները ցույցեր են անցկացնում՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։ Նրանք իշխանություններին մեղադրում են «ձայներ գողանալու» համար՝ հայտարարելով՝ «ոչ մի խոսք չի կարող լինել Բելգրադի քաղաքային խորհրդում իշխող կոալիցիայի հաղթանակի մասին»։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ահայտարարել է, որ ցույցերին մասնակցում է մոտ երկուսուկես հազար մարդ։ Նախագահի խոսքով՝ տեսարանները «դրամատիկ» են, բայց «հեղափոխություն տեղի չի ունենում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG