«Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, Բաքուն փորձում է բանակցությունների գործընթացը տանել դեպի երկկողմ ձևաչափ, և վերջին շրջանի զարգացումները ևս, ըստ նրա, նպաստում են դրան։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Մի կողմից Ադրբեջանն ասում է, որ օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց տևական ժամանակ է՝ սկսած դեռ Գրանադայից, չի ներկայանում բանակցությունների, և կարծես հաջորդն էլ չի նշմարվում։ Ինչո՞ւ։
Տիգրան Գրիգորյան. - Ակնհայտ է, կարծում եմ, որ Բաքուն փորձում է գործընթացը տանել դեպի երկկողմ ձևաչափ, և վերջին շրջանի զարգացումները ևս նպաստում են դրան, այսինքն՝ այդ երկկողմանի համաձայնությունը, որ ձեռք է բերվել Երևանի և Բաքվի միջև, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից ու արդեն իսկ օգտագործվում է, եթե լսենք ադրբեջանական պաշտոնյաների, փորձագետների հայտարարություններն այն մասին, որ երրորդ կողմ հանդիսացող միջնորդները խանգարում են գործընթացին, այ տեսեք՝ ինչ լավ համագործակցության, բանակցությունների ինչ լավ օրինակ էր այդ պայմանավորվածությունը, և պետք է կողքից պարզապես աջակցել, այլ ոչ թե ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացի մեջ։
Տեսանք նաև Հիքմեթ Հաջիևի մեկնաբանություններն ուղղված Միացյալ Նահանգներին, որտեղ մեծ հաշվով նախապայման դրվեց Վաշինգտոնի առջև, թե երբ Վաշինգտոնը կարող է վերականգնել իր բանակցային միջնորդական դերակատարությունը։ Այդ առումով պետք չէ ակնկալել ինչ-որ հանդիպումներ երրորդ երկրներում։ Նույնիսկ եթե լինեն այդ հանդիպումները, դրանք ավելի շատ ձևական բնույթ են կրելու, և Ադրբեջանը փորձելու է իր բոլոր հարցերը լուծել երկկողմ ձևաչափով։