Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերը ավարտվել են ժամանակին և բարձր որակով, ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում»,- նշել է Կոպիրկինը՝ նկատելով՝ Մոսկվան և Երևանը քննարկում են նոր համաձայնագրերի կնքման հարցեր։
Դեսպանը, միևնույն ժամանակ չի հերքել՝ անհատական պայմանագրերում իսկապես կան հարցեր կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանության պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, սակայն դրանք, ինչպես Կոպիրկինն է նշել, աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության միջոցով։
Երևանը դեռ չի արձագանքել դեսպանի հայտարարություններին։
Պաշտոնական Երևանը բազմիցս հաղորդել է, որ Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել։ Կողմերը հայտարարել են, որ պատրաստ են այդ հարցը լուծել գործընկերային մթնոլորտում։
Հայաստանը նաև հայտարարել է, որ մտադիր է դիվերսիֆիկացնել զենքի գնումները։ Մասնավորապես, Երևանը սկսել է ակտիվ համագործակցություն Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ պաշտպանական ոլորտում։