Հայտարարվել են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները:
Առաջին անգամ հայկական կինոն ընդգրկվել է «Օսկար»-ի shortlist-ում, հաղորդում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ նշելով, որ միջազգային խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։
«Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն՝ 2024-ի հունվարի 23-ին, իսկ «Օսկար»-ի արարողությունը տեղի կունենա 2024-ի մարտի 10-ին, Dolby թատրոնի Ovation Hollywood-ում։
Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է Հայաստանում․ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն անցած տարի բացվեց հենց «Ամերիկացին» ֆիլմով։
Անկախության շրջանից ի վեր սա, ի դեպ, եզակի անդրադարձ է ստալինյան ռեպրեսիայի շրջանին։ Ցեղասպանության վերապրած ԱՄՆ քաղաքացին 40-ականներին հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան ու միանգամից ազատազրկվում լրտեսության համար։
«Ազատության» հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Գյուրջյանը խոստավանել էր՝ երկար է մտածել, թե ինչպես նկարի «ճիշտ ֆիլմ». - «Բայց ես պարտավոր էի»։
Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանում՝ հայ դերասանների մասնակցությամբ։