Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր են քննարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի և Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքների մասին, փոխանցում է ՀՀ ԱԳՆ լրատվականը:
Միրզոյանը և Տասմագամբետովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Վերջին շրջանում Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցում Ռուսաստանի գլխավորած կառույցների տարբեր նիստերի ու հանդիպումների, այդ թվում՝ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին:
Երկու օր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, և Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանի Դաշնությանը, եղել է «զրո արձագանք»:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: