Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մանուկյանը բողոքում է՝ իր առանձնատանը կպած բազմահարկ է բարձրանում, տան հիմքերը թուլանում են, կառուցապատողն արձագանքում է


Անդրանիկ Մանուկյանն արդեն մոտ 3 տարի անցնում է պետական տարբեր կառույցներով ու բողոքում՝ Երևանի կենտրոնում՝ Թումանյան փողոցի իր առանձնատանը կպած 12 հարկանի բազմահարկ է վեր խոյանում: Անչափահաս 3 երեխաները բակ դուրս գալ չեն կարողանում, իր տան գլխին ընթացող շինհրապարակից ինչ ասես ցած է թափվում՝ ուղիղ դռան դիմաց։ Օրերս թաց ցեմենտ էր թափվել գլխին ու բակում կայանած գործընկերոջ ավտոմեքենային:

Պնդում է՝ տան հիմքերը թուլանում են, պատերին ճաքեր են առաջացել: Ասում է՝ էլ պաշտոնյա չմնաց, որ չդիմի, էլ դուռ չմնաց, որ չծեծի:

Վերջերս անգամ վարչապետի աշխատակազմին է նամակ գրել, դրանից հետո շինարարությունն, ըստ նրա, կանգ էր առել: Մեր նկարահանման պահին սակայն, բանվորները զոդման աշխատանքներ էին կատարում, իսկ բոցկլտացող մասնիկներն Անդրանիկ Մանուկյանի բակ էին թափվում, ասաց, երբ դրանք գետնին են հասնում, էլ չեն երևում, բայց վտանգավոր են՝ կայրեն:

2021-ին, երբ տրվել է շենքի 0-ական նիշի շինթույլտվությունը, Անդրանիկ Մանուկյանը համաձայնություն տվել է, բայց երբ շենքը սկսել է վեր խոյանալ, հասկացել է, որ իր պատուհանը փակվում է։

«Քաղաքապետարանը շնթույլտվությունը տվել է իմ պատից իրանց պատը 8,5 մետր, էդ պահին էլ ես համաձայնվել եմ, որ գոնե տենց սարքեն, պատկերացրեք, բերել են դրել 3,5-4 մետրի վրա, էլ ի՞նչ խոսամ էդ մարդկանց հետ», - նշեց Մանուկյանը:

Կառուցապատող ընկերությունից արձագանքում են

Կառուցապատող «ՕԳՏԱԳՈՆ» ընկերության փաստաբան Տիգրան Խուրշուդյանը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների համար, ընդունեց՝ պաշտպանիչ կանաչ ցանցը չի ապահովում անվտանգությունը, որ շինհրապարակից ոչինչ չթափվի բնակչի բակ: Հիմա ասաց՝ հենց այդ զոդման աշխատանքներով ավելի հզոր պաշտպանիչ շերտ են ստեղծում: Փաստաբանն ինչպես նախկինում, այսօր էլ պնդեց՝ սպասում են, որ Անդրանիկ Մանուկյանը փաստերով ներկայացնի իր տան վնասները, իրենք էլ դա փոխհատուցեն, բայց Մարգարյանն, ըստ Խուրշուդյանի, չբողոքելու դիմաց 1 մլն դոլար է պահանջել իրենցից:

«Վերջերս վերաքննիչ քաղաքացիական դատարանում անգամ պնդեցին՝ հիմա արդեն 1 միլիոն չեն ուզում, այսուհետ 2 միլիոն են ուզելու: Հայտարարեց, որ երկու բնակարան Թումանյան փողոցի այդ կառուցվող շենքից է ուզում, մեկ բնակարան Կոմիտաս պարկ թաղամասում նորակառույց շենքերից որևէ մեկում է ուզում, այն պայմանով, որ ինքը պետք է Թումանյանի բնակարանները այն հատվածում ստանա, որտեղից պետք է պատուհանը բացի ու նայի իր տան վրա: Ստացվում է այնպես, որ դա որպես փոխհատուցում չի զում իր տան դիմաց, այլ ուղղակի ուզում է», - ներկայացրեց փաստաբանը:

Մանուկյանը պնդում է՝ որպես հաշտության գնալու առաջարկ և փոխհատուցում, արտագնա դատական նիստում իրեն գումարի ու տան առաջարկ է արվել, իսկ ինքը դա չի ընդունել:

Բնակիչը հերքում է, թե ինքը որևէ մեկից գումար է պահանջել, ասում է՝ իր տան բակում 12 հարկանի շենքը, որ անխափան վեր է բարձրանում, պետք է քանդվի:

«Խոսակցությունը փողի խնդիր է, յանիմ ինձ փող են առաջարկել, 400 հազար: Ես տուն չունեմ վաճառելու, ես էս կապիտալը սարքել եմ, իմ երկրի մեջ, իմ պետության մեջ ես չեմ ուզեցել էդ բնօրրանից կտրվեմ», - նշեց նա:

Անդրանիկ Մանուկյանի փաստաբաններից Թամարա Դարյանը զարմանում է՝ ի՞նչ փոխհատուցման մասին է խոսքը, եթե տեսչական մարմիններից մեկից պատասխան ունեն՝ շենքը կառուցվում է խախտումներով:

«Մենք տեսչական մարմնի գրության մեջ ունենք արձանագրված փաստ, որ հարևանությամբ գտնվող շենքերի հիմքերը վնասված են, դա բավականին շուրջ խնդիր է: Ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է կառուցապատողը փորձելու փոխհատուցել այն բոլոր շինությունների բնակիչների կրած վնասները, որի արդյունքում այդ բոլոր շենքերը առաջիկայում հնարավոր է ստանան վթարային ինչ-որ կարգավիճակ», - ասաց Դարյանը:

«Թող դատարանը որոշի». քաղաքապետարանի ներկայացուցիչ

Անդրանիկ Մանուկյանի փաստաբաններն արդեն մի քանի հայցով դատարաններ են մտել, վճիռներ դեռ չկան։ Մի գործ էլ դեռ Հակակոռուպցիոն կոմիտեում է, 2021 թվականին տրված շինթույլտվության օրինականության հարցն է քննվում։

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ասում է՝ քաղաքապետ Ավինյանի հետ են եղել Անդրանիկ Մանուկյանի բակում, տարածքն ուսումնասիրել են, շենքը հանրավոր չէ քանդել, շինթույլտվությունը տրվել է դեռ 2021 թվականին, մի քանի հարկ արդեն վեր է բարձրացել: Քաղաքապետարանին ուղղված պահանջներն իրատեսական չի համարում ու ընդգծում է՝ իրենց գործառույթից դուրս են: Ճիշտը դատարանն է, ասաց նա:

«Թող դատարանը որոշի՝ որ ասի՝ համայնքի ղեկավարը տվյալ ժամանակահատվածում սխալ որոշում է կայացրել, ինչը հանգեցրել է էսինչ հետևանքների ու թող հասկանան՝ ով ում ինչ գումար պետք է հատուցի», - նշեց Ասատրյանը:

Մինչև քաղաքապետարանը բնակչին դատարանի ճանապարհն է ցույց տալիս, կառուցապատողի փաստաբանը պնդում է, որ նա գումար է պահանջել, որ չբողոքի: «Գաթա» բենդի հիմնադիր Անդրանիկ Մանուկյանը, որ հերքում է այդ հայտարարությունը, այս օրերին քթի տակ մի երգ է երգում, դրանով էլ ասում է՝ բոլոր հարցերի պատասխաններն է տալիս. անճար է, էլ չգիտի ինչ անի:

XS
SM
MD
LG