Մատչելիության հղումներ

29-ամյա գյումրեցի Կարեն Նիկողոսյանը Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի անդամ է դարձել


IT ընկերության ղեկավար Կարեն Նիկողոսյանը վերջերս Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի անդամ է դարձել։ Այդ խորհրդում ներգրավված են IT ոլորտի ղեկավարները, նպատակն ընկերությունների միջև կապը, համագործակցությունը զարգացնելն է։ 29-ամյա գյումրեցու համար հրավերն անակնկալ է եղել։

Երիտասարդ գործարարն ասում է՝ սա բավականին լուրջ հնարավորություն է շփվելու, խորհրդակցելու, նաև խորհուրդ տալու ու սովորելու աշխարհահռչակ ընկերությունների մասնագետներից։ Կարծում է՝ այն Հայաստանը ներկայացնելու լավագույն հարթակներից մեկը կարող է դառնալ ու ներդրումներ բերել։

«Բնական է՝ բոլորին առաջնային բիզնեսն է հետաքրքիր ու եթե ինչ-որ խնդիրներ կան, իրենք պատրաստ են նաև ճիշտ ուղղության դեպքում գալ Հայաստան ու իրենց ներդրումն ունենալ Հայաստանում», - ասաց Նիկողոսյանը:

Առաջիկայում Նիկողոսյանի հոդվածը կհայտնվի Forbes-ի էջերում։

Կարեն Նիկողոսյանը eSwap Global ընկերության հիմնադիր տնօրեն է։ Դա ապրանքների գույքագրման, պատվերի և առաքման կառավարման հարթակ է, որը մանրածախ վաճառողներին հնարավորություն է տալիս մեկ վահանակով կառավարել ամբողջ բիզնեսը մեկ վայրից:

30 հոգանոց թիմով են ստեղծել ծրագիրը, որն առավել շատ կիրառվում է Միացյալ Նահանգներում։ Գյումրեցի երիտասարդների ծրագրից օգտվում են Ամազոն, Walmart, eBay և խոշոր օնլայն առևտրի այլ հարթակներում վաճառքով զբաղվողները։ Առաջիկայում ծրագրում են նաև եվրոպական շուկա մտնել։

Գործարարն ասում է՝ Հայաստանում IT ոլորտում տարիների աճից հետո հիմա անկում է նկատվում, պետական ուշադրությունը պակասել է, նաև տարադրամի շուկայի տատանումներն են իրենց բացասական հետևանքները թողել։

Իրենց ընկերությունում կրճատումներ չեն արել, բայց 10 մասնագետի փոխարեն 3-ին հազիվ կարողանում են աշխատանքով ապահովել։ Կարծում է՝ գերակա ոլորտ համարվող ոլորտը պետական աջակցության լուրջ կարիք ունի։

«Եթե պետությունը կարողանա այդ արտոնությունը գլոբալ տրամադրի ու հավասարեցնի ոլորտը նոր սկսողի համար ու նաև հին կազմակերպությունների համար, գոնե այն վիճակում, որ հիմա հայտնվել են IT ընկերությունները, էդ շատ կօգնի կազմակերպություններին առաջ նայել ու զարգանալ, այլ ոչ թե մտածել գոյատևելու մասին, մինչև այս իրավիճակը կարգավորվի», - նշեց Կարեն Նիկողոսյանը:

Այս ամենն, ասում է Նիկողոսյանը, մի կողմից ոլորտի վրա բացասական ազդեց, բայց մյուս կողմից էլ դաշտը ֆիլտրվեց։

IT ոլորտի գործարարը՝ Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի անդամ
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00

XS
SM
MD
LG