Մատչելիության հղումներ

«Հորս չկարողացա փրկել». Սզնեքի գյուղապետի հայրը 3 ամիս անհետ կորած է 


Սզնեքի գյուղապետ Էդվարդ Մուսայելյանն ինքն իրեն է մեղադրում, որ սեպտեմբերի 19 -ի ադրբեջանական ռազմական հարձակման օրը չկարողացավ հորը փրկել։

83-ամյա Ռոբերտ Մուսայելյանը ադրբեջանական լայնածավալ հարձակման հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, անհետ կորել է Խաչմաչի գյուղի անտառներում։ Որդին ասում է՝ եթե տեղեկություն ունենար, որ այնտեղ է մնացել, մի ճանապարհ կգտներ հորը փրկելու համար։

Էդվարդը պատմում է, որ ադրբեջանական զինուժի շարժի մասին տագնապ ստանալուց հետո հրաժեշտ է տվել կնոջն ու հորը և աշխարհազորի տղաների հետ շտապել՝ գյուղի վերևում գտնվող դիրքը պահելու։ Ավելի ուշ արդեն Ստեփանակերտում անակնկալի է եկել՝ տեղեկանակով, որ 80-ն անց հայրն անօգնական մնացել է անտառներում։ Շրջափակման մեջ հայտնված համագյուղացիների պատմելով՝ հայրն այլևս քայլել չի կարողացել. - «Հայրս այլևս չի կարողանում շարժվել ոտքով, իրենց ասում է՝ ես չեմ կարող, դուք շարունակեք ճանապարհը, և նստում է բացատում։ Իրենք թողնում են, մնացածը շարժվում են, մյուսներն էլ հիմնականում տարեցներ էին։ Մնում է այնտեղ, ու այլևս ոչ ոք արդեն տեղեկություն չունի այդ թողնելուց հետո ինչ է եղել իր հետ»։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ներքին Սզնեքը դարձել էր սահմանային գյուղ։ Ադրբեջանական դիրքերը մի քանի հարյուր մտերի վրա էին։ Էդվարդը պատմում է, որ սեպտեմբերի 19-ի անակնկալ հարձակման ժամանակ ադրբեջանցիներն առաջինը փակել են գյուղերից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը՝ նախ ճշգրիտ հարվածներ հասցնելով Արցախի պաշտպանական դիրքերին։ Գյուղ առ գյուղ ադրբեջանցիները վերցրել են շրջափակման մեջ, սկզբում Ներքին Սզնեքը, Խաչմաչը, Սարուշենը, հետո Կարմիր գյուղը։

Մարդիկ ստիպված անտառներով ու դաշտերով են փորձել փախչել։ Հենց այդ ժամանակ ոմանք անհետ կորել են, ոմանք՝ գերեվարվել։

«Փակեցին մեր գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհը, միակ ճանապարհը, որ Ստեփանակերտ տանողն էր։ Արդեն պարզ դարձավ, որ գյուղը մտնելու է շրջափակման մեջ, հրահանգեցի գյուղի տղաներին, ովքեր զենքով այնտեղ էին, մի մասն անմիջապես պաշտպանությամբ զբաղվի, մի մասն էլ զբաղվի գյուղացիների տարհանումով», - պատմում է նա։

Շրջափակված Սզնեքում այդ պահին մոտ 40 մարդ է եղել, նաև մանկահասակ ու նորածին երեխաներ, տարեց մարդիկ ու կանայք։ Որոշել են դաշտային ու անտառային ճանապարհներով բնակիչներին տարհանել հարևան Խաչմաչ։ Նրանց հետ են եղել նաև Սզնեքի գյուղապետի կինն ու հայրը։

Արդեն Խաչմաչից սեպտեմբերի 20-ին մարդիկ կրկին այլընտրանքային ճանապարհներով ուղևորվել են Ստեփանակերտ, քանի որ Խաչմաչը նույնպես շրջափակման մեջ է հայտնվել։

Էդվարդն ասում է, որ նռնականետով ու գնդացիրով հնարավոր չէր ադրբեջանցիների հզոր զենքերի դեմ պայքարել։ Երբ նրանք արդեն շարքից հանել էին Արցախի զինուժի դիրքերը, շրջափակել գյուղերը ու վերահսկողության տակ վերցրել գլխավոր ճանապարհները, աշխարհազորը մի կերպ շրջանցել է ադրբեջանցիներին ու մոտակա լեռներով ու անտառներով մի ամբող օր քայլել դեպի Ստեփանակերտ։

Թե ինչպես ստացվեց, որ և՛ Խաչմաչի, և՛ Սզնեքի բնակիչները տարհանվեցին, բացառությամբ վեցի, Էդվարդն այդ հարցի պատասխանը չունի։ Կապն արդեն կորցրել էր հարազատների հետ, բայց վստահ էր՝ Խաչմաչից անվտանգ դուրս կգան։

«Ընդհանուր վեց հոգի Խաչմաչում է մնացել ամսի 19-ի գիշերը։ Այդ նույն օրն էլ արդեն Խաչմաչն ընկավ թուրքերի ձեռքը։ Մեկն ասում է՝ չեն ցանկացել դուրս գալ, մեկն ասում է՝ տանող չի եղել։ Մինչև հիմա ինձ համար անհայտ է», - ասում է նա։

Խաչմաչում մնացած վեց համագյուղացիները՝ հիմնականում տարեցներ, արդեն փորձել են իրենց ուժերով դուրս գալ շրջափակված գյուղից, սակայն նրանցից երկուսին՝ Մավրիկին և Նուարդին, ադրբեջանցիները Կարմիր գյուղի մոտակայքում գերեվարել են, մոտ մեկ շաբաթ անց Կարմիր խաչի միջոցով վերադարձրել։

Մավրիկ Փաշայանն ավելի վաղ «Ազատությանը» պատմել էր, որ գերեվարության ընթացքում նաև կտտանքների է ենթարկվել, ձեռքի շրջանում հրազենային վնասվածք ստացել։

Գյուղում անօգնական մնացած բնակիչների խմբում է եղել նաև Մավրիկ Փաշայանի հորեղբայրը՝ 80-ն անց Շուրա Մանասյանը։ Նա Սզնեքի գյուղապետի հոր հետ միասին նույնպես անհետ կորած է համարվում։

Համագյուղացիներից ևս երկուսը, ըստ Էդվարդ Մուսայելյանի, փորձել են մոտակա դիրքերը բարձրանալ, որ օգնություն գտնեն, նրանց մեջ է եղել նաև Մավրիկի Փաշայանի եղբայրը՝ Մելիքսեթ Փաշայանը։ Նա այժմ գերեվարված է և գտնվում է ադրբեջանական բանտում։ Մելիքսեթի հետ եղած Արտյուշա Միքայելյանին, ըստ Սզնեքի գյուղապետի, ավելի ուշ գտել են մահացած։

«Արտյուշա Միքայելյանին գտնում են մահացած։ Սկզբնական ասում են մահացած, բայց հետո պարզվել է, որ կտրող-ծակող ինչ-որ գործիքով խփած է», - ասում է Էդվարդ Մուսայելյանը։

Շուրջ 3 ամիս նա ճանապարհներ է փնտրում, որպեսզի Ադրբեջանը թույլ տա որոնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ անհետ կորել է հայրը։ Կարմիր խաչը համագյուղացիների նկարագրությունների հիման վրա տեղանքը քարտեզագրել է, մոտավոր կոորդինատներն ունեն, բայց անտառային այդ հատվածում որևէ մեկը հորն այդպես էլ չի փնտրել։ Էդվարդ Մուսայելյանը քիչ հավանական է համարում, որ հայրը ողջ լինի։ Ասում է՝ եթե անգամ ադրբեջանցիները սպանած չլինեն, նա առողջական լուրջ խնդիրներ ուներ, սիրտը ստենտավորված էր, քայլել էր չէր կարողանում. - «Քանի որ ադրբեջանցիները գերեվարված տարեցներին հիմնականում վերադարձրել են, ես մտածում եմ՝ կարող է ինչ-որ բան պատահած լինի, մահացած լինի, կամ վնասած լինեն իրենք, ուղղակի դրանից ելնելով չուզենան ասեն տեղը, որ իրենց վրա էլ է չէ՞. եթե վնասած լինեն մարդկանց, դառնում է, որ քաղաքացիական անմեղ մարդկանց իրենք վնասել են և չուզենան ասել տեղը, ու միայն փրկարարական աշխատանքներ պիտի իրականացվեն, որ այդ մարդկանց կարողանանք հայտնաբերել, գոնե եթե մահացած են, դիակները տեղափոխվեն»։

Քննչական կոմիտեն առայժմ տվյալներ չի տրամադրում, թե սեպտեմբերի 19 -ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո քանի անհետ կորած անձ կա։ Խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ վերստուգման գործողություններ են կատարվում։

Հորը փրկել չկարողանալու մեջ ինքն իրեն մեղադրող Սզնեքի գյուղապետն ասում է՝ մի քանի պատերազմ է անցել ու չէր կարող պատկերացնել անգամ, որ ամեն ինչ այսպիսի ողբերգական ավարտ կունենար։

Անհետ կորած հորն ամիսներ շարունակ փնտրող Էդվար Մուսայելյանը հայրենի Սզնեքում թողել է ամեն ինչ՝ տունը, հիշողությունները, մոր գերեզմանը։ Հեռախոսում պահպանվել են հոր մի քանի լուսանկարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG