Մատչելիության հղումներ

30 տարի անց «Ինկած բերդի իշխանուհին» Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմ է վերադարձել


30 տարվա ընդմիջումից հետո Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմ է վերադարձել Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»։

Մոտ մեկ դար առաջ գրված պիեսում իր ագահությամբ ու դաժանությամբ հայտնի Վասիլ իշխանը Կիլիկիայի բերդերից մեկը գրավելիս՝ սպանում է Աննա իշխանուհու ամուսնուն ու երկու փոքրիկ տղաներին։ Գերեվարված իշխանուհին երդվում է վրեժխնդիր լինել ու հենց հոր՝ Վասիլ իշխանի ձեռքով սպանել նրա երկու որդիներին։ Գյումրիի թատրոնում ընդգծում են՝ պիեսն այժմ նոր ասելիքով է բեմում՝ նոր շեշտադրումներով ու լուծումներով։

Ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ թեև Լևոն Շանթի ստեղծագործությունը վրեժի մասին է, բայց ինքը փորձել է վրեժն այլ տեսանկյունից ներկայացնել։

Աննա իշխանուհու սպանված 2 փոքրիկների կարմիր շապիկներն են վրեժի մասին հիշեցնողը, որ մայրը քանդեց ու նորը գործեց՝ այս անգամ Վասիլ իշխանի 2 որդիների համար։

Կարմիր կծիկ, կարմիր թել, սև հագուստներ ու ընդհանրապես՝ ողջ ներկայացումը կարմիր ու սև գույների կռիվ էր։ Ռեժիսորն ասում է՝ փորձել է Շանթի ստեղծագործության մեջ պակասող սիմվոլներով իր ասելիքն ասել։

Աննա իշխանուհու կերպարը 29-ամյա Ջեմմա Ադամյանին վստահելը դերասանուհուն փոքր-ինչ վախեցրել է, բայց նաև՝ պարտավորեցրել։ «Մարմնավորած ամեն կերպարից կյանքի դասեր եմ քաղում, Աննա իշխանուհու կյանքի դասը վրեժն էր», - ասում է։

Ներկայացման վրա ստեղծագործական մեծ թիմ է աշխատել։ Ինքը՝ ռեժիսորը, խոստովանում է ներկայացումը չի տեսել։ Արդեն 3 անգամ խաղաղացել են՝ երեքն էլ լեփ-լեցուն դահլիճում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG