Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ է տվել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերին բացառապես անհատ մարզիկների կարգավիճակով՝ օլիմպիական դրոշի ներքո։
Ռուսներին ու բելառուսցիներին թույլ չեն տա մասնակցել թիմային բոլոր մրցումներին։
Այն անհատները, ովքեր ակտիվորեն աջակցում են ռուս-ուկրաինական պատերազմին կամ կապ ունեն զինվորական և ազգային անվտանգության կառույցների հետ, նույնպես կզրկվեն Օլիմպիական խաղերին մեկնելու իրավունքից: Փարիզ չեն մեկնի նաև Ռուսաստանի և Բելառուսի պաշտոնյաները։
Այսօրվա դրությամբ Օլիմպիադային մասնակցելու թույլտվություն են ստացել ութ մարզիկներ Ռուսաստանից և երեքը Բելառուսից։
Օլիմպիական խաղերին մասնակցելու համար մարզիկները պետք է ընդունեն Օլիմպիական նորացված կանոնադրությունը, որը ներառել է Օլիմպիական շարժման խաղաղապահ առաքելության մասին դրույթը։
Ռուս մարզիկներն ու պրոֆեսիոնալ հանրությունն իրենք կորոշեն՝ գնալ Փարիզի խաղերին, թե ոչ։ Այդպես է ՄՕԿ-ի որոշմանն արձագանքել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Արդյո՞ք մարզիկները պետք է գնան Փարիզի Օլիմպիական խաղերին, դա կորոշեն իրենք՝ մարզիկները և մասնագիտական հանրությունը»,- ասել է նա:
Խոսելով պատժիչ որոման մասին, նա ասել է, թե այլևս որևէ բանից չի զարմանում, «քանի որոշումների հեղինակների միակ նպատակն է ամեն ինչում հնարավորինս շատ վնաս հասցնել Ռուսաստանին»։
Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։