Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստան ռազմական տեխնիկա մատակարարողների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Լոնդոնի թիրախում են օտարերկրյա այն մատակարարները, որոնք պաշտպանում են «Պուտինի ռազմական մեքենան»։
«Այս կերպ Լոնդոնը նպատակ ունի զրկել Պուտինին Ուկրաինայի դեմ անօրինական պատերազմի համար անհրաժեշտ ռեսուրսներից», - ասված է հայտարարության մեջ։
Լոնդոնն այս մասին հայտարարում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի՝ վաշինգտոնյան այցին ընդառաջ։
Քեմերոնն այսօր է մեկնում Միացյալ Նահանգներ՝ վերահաստատելու ինչպես Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ամրությունը, այնպես էլ «անսասան աջակցությունն Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում»։
Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ Դեյվիդ Քեմերոնն այս պաշտոնում Վաշինգտոն իր առաջին այցելության ընթացքում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Կոնգրեսի երկու պալատների առանցքային գործիչների հետ։
«Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը խորապես կապված են ընդհանուր առաքելությամբ՝ պաշտպանելու այն արժեքները, որոնք ապահովում են անվտանգություն և բարգավաճում բոլորիս համար», - ասել է արտգործնախարարը։