Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Որոշումը կայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեն դեկտեմբերի 4-9-ը Բոտսվանայի Կասանե քաղաքում ընթացող 18-րդ նստաշրջանի ընթացքում:
«Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում: Սերնդեսերունդ փոխանցվող այս ազգային ավանդույթի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում առանցքային նշանակություն ունի դրա կենսունակության ապահովման, արժևորման և հանրահռչակման համար», - ասված է Արտգործնախարարության հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նաև տեղեկանք է տարածել, որի համաձայն՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006-ին։ Հաջորդող տարիներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.), ինչպես նաև Իրանի հետ համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020թ.) տարրերը։