Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկու երկրների միացումը զսպելու համար ռուսները նպաստել են հակաթուրքական ակցիաներին. Yle


Բողոքի ակցիա Թուրքիայի նախագահի դեմ, Ստոկհոլմ, Շվեդիա, 24 հունվարի, 2023թ.
Բողոքի ակցիա Թուրքիայի նախագահի դեմ, Ստոկհոլմ, Շվեդիա, 24 հունվարի, 2023թ.

Ռուսական հատուկ ծառայությունները ծրագրել էին արշավ, որի նպատակն էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցումը խոչընդոտելու համար սրել այդ երկրների հարաբերությունները Թուրքիայի հետ: Այդ մասին այսօր հայտնել է Yle ֆիննական հեռուստառադիոընկերությունը, որը հղում է անում լրագրողների հայթայթած փաստաթղթերին և «Դոսիե» կենտրոնից ստացած տեղեկություններին:

Փաստաթղթերում, մասնավորապես, ասվում է, որ Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպերը հանգեցրել են Թուրքիայի հետ հարաբերություններում խիստ լարվածության, և խորհուրդ է տրվում միջոցներ ձեռնարկել այդօրինակ ակցիաները տարածելու համար։

Խոսքը, մասնավորապես, վերաբերել է եվրոպական քաղաքներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղղակի վիրավորանքներով ցույցեր ի անցկացմանը և տարբեր վայրերում հակաիսլամական ու հակաթուրքական բովանդակությամբ պաստառներ և գրաֆիտիներ տեղադրելուն:

Նշվում է, որ այդ քարոզչական արշավը պետք է լայնորեն լուսաբանվեր եվրոպական մամուլում և սոցիալական ցանցերում։

«Դոսիե» կենտրոնը ստացել է փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ռուսական հետախուզական ծառայությունները նշված արշավի շրջանակներում գործողություններ են կազմակերպել նաև Փարիզում: Այդ տեղեկությունը ֆիննական հեռուստառադիոընկերությանը փոխանցել է հետաքննող լրագրող Իլյա Ռոժդեստվենսկին։

Փաստաթղթում գործողությունը կոչվում է «ՀակաԷրդողանական նախագիծ»։ Ըստ «Դոսիե» կենտրոնի, Փարիզում 2023 թվականի մարտին հակաիսլամական կարգախոսներով մի շարք ցույցեր են տեղի ունեցել և քննադատության թիրախը հենց Էրդողանն է եղել:

Թուրքիան՝ սկզբնական փուլում տատանվելուց հետո, այնուամենայնիվ, հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցմանը, սակայն Շվեդիան դեռ սպասում է թուրքական իշխանությունների դրական որոշմանը:

Ռոժդեստվենսկու պնդմամբ, ռուսական հետախուզական ծառայությունները փորձել են դանդաղեցնել երկու երկրների անդամակցումը ՆԱՏՕ-ին, ընդ որում հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են Շվեդիայի վրա։

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն չի միացել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցներին։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել են, որ անձնական լավ հարաբերություններ են հաստատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG