Մատչելիության հղումներ

Հայաստանում աշխատող հնդիկներն ու նրանցից մեկին հայհոյած մի հայ. ի՞նչ եղավ հետո


Հնդիկ առաքիչ Անգիթ Ռամը նոր, տաք բաճկոն ունի, շնորհակալ է, վերադարձել է աշխատանքի... նա համացանցի իր էջում լուսանկարն է տարածել նվեր ստացած նոր հագուստով ու ժպիտով։ Իսկ երեկ տարածված տեսանյութում հնդիկ երիտասարդը բոլորովին չէր ժպտում մի հայ տղայի հրահանգները կատարելիս։

Անգիթի հագին զինվորական բաճկոն է, որ վաճառում են երևանյան բազմաթիվ խանութներում, որ Հայաստանում, մարզերում հատկապես շատերն են կրում ամենևին ոչ ռազմական նկրտումներով:

Հայ տղան, ենթադրաբար, շատ հայրենասիրական քայլ է համարում հնդիկ առաքիչի հագից հայհոյանքների ուղեկցությամբ բաճկոն հանել տալն ու հընթացս նկարահանում է, ի դեպ, հնդիկները Հայաստանի սահմանին էլ են աշխատում ու վիրավորում ստանում, օրինակ, Երասխի մետալուրգիական գործարանի ուղղությամբ ընկած ադրբեջանական արկերից:

«Երբ ես տեսա տեսանյութն այն կոնտեքստով էր, որ այդ հայն, ով նման կերպ է վարվել, հիմնականում արդարացումներ էին ու շնորհակալություն հայտնում հային նման կերպ վարվելու համար, հետո ես արդեն տարածեցի այլ կոնտեքստով», - ասաց Հանրային կապերի ու տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Մովսես Հարությունյանը:

Համացանցում տեսանյութը տեսել ու «Էս ի՞նչ խայտառակություն է, էս ի՞նչ ոճ է» գրառմամբ տարածել էր հանրային կապերի մասնագետ Մովսես Հարությունյանը։ Ուզում է, որ իրավապահները զբաղվեն այս հարցով։

«Ինչքանով հասկանում եմ՝ օրենքի շրջանակներում որևէ պատիժ ակնկալելն այս դեպքում անիրատեսական է, զուտ ակնկալիքս այն է, որ բացատրական աշխատանքներ տարվեն այդ քաղաքացու հետ, ով նման կերպ է վարվել», - նշեց Հարությունյանը:

Դատախազությունից տեղեկացանք՝ տեսանյութը ուսումնասիրում են։ Միջադեպին դեռ երեկ արձագանքել է օմբուդսմենի գրասենյակը. - «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: Անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա»։

Հնդիկ առաքիչը հարցազրույց տալ չցանկացավ, մեզ ասաց՝ հանրային բաներ չի սիրում, կարող է իր գործին վնասել։ Իսկ բաճկոնը գնել էր մի սովորական խանութից։

Վասընթն ու Ջիվան տեսանյութը նայում, խոժոռվում են, նրանք էլ են Հնդկաստանից Հայաստան աշխատելու եկել։ Զարմանում են՝ վատ վերաբերմունք այստեղ չեն տեսել: Իգնատ Առաքելյանի շինարարությունում են բանվորություն անում. «Շատ լավ են աշխատում, ընտիր աշխատում են»:

Վասընթին ու Ջիվային այստեղ նույն՝ Ջիմի անունով են կանչում, հեշտ է այդպես:

Տղաները նոր են Երևան եկել, մինչև այդ մարզում էին, որտեղ ձյուն եկավ, գործն էլ փակվեց. - «Երեք ամիս Սիսիանում էինք»:

Սիսիանում աշխատած փողերից կարողացել են տուն մայրիկներին փող ուղարկել, մոտ 400 հազար դրամ, ուրախ են և ուզում են մնալ աշխատել այստեղ:

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան 37 հազար 92 հնդիկ է եկել

Միգրացիայի ծառայության տվյալով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան 37 հազար 92 հնդիկ է եկել, ավելի քան 25 հազարը գնացել են։

«Աշխատաշուկան կարիք ունի այնպիսի աշխատողների, որոնք հասարակ սև բանվորի աշխատանք կարող են կատարել և որ տեղերը հայկական աշխատուժը չի ցանկանում լրացնել», - ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Գործատուների միության նախագահի խոսքով՝ այժմ մեր երկրում հնդիկների աշխատուժը ավելի պահանջված է, քանի որ նրանք աշխատասեր են և գումարի առումով պահանջկոտ չեն, նաև գործատուների նյարդերը չեն քայքայում:

«Իրենք ավելի դիմացկուն են, շատ քիչ են ժամանակ ծախսում ծխելու, ուտելու կամ այլ հանգամանքների վրա, կարող են տևական աշխատել, նաև եթե իրենց նկատմամբ խնդիրները ճիշտ դրված են ու գործատուն պահանջկոտ է, ուրեմն իրենք էլ այդ պահանջկոտությամբ, աշխատանքը կատարում են, գլուխ չեն պահում», - նշեց Մակարյանը:

Հնդիկները հիմնականում շինարարությունում բանվորի գործ են անում, ծառայությունների, սպասարկման ոլորտում են, բեռնակրի, մաքրողի գործեր են անում, ըստ Գագիկ Մակարյանի, այն ամենն, ինչ հայերը հարմար չեն համարում անել Հայաստանում։

Վիլսոնը սուպերմարկետներից մեկի աղբն է դատարկում, դժգոհ չէ, երեք ամիս է այս գործին է, օրը 6 հազար դրամով հորն ու մորը արդեն 300 դոլար է ուղարկել, վատ չէ, ասում է, կյանքն այնտեղ էժան է.. ինքը դեռ կմնա այստեղ:

«Հայաստանը լավն է, լավ մարդիկ, լավ մշակույթ, լավ եղանակ», - ասաց Վիլսոնը:

Իսկ Հնդկաստանի մեկ այլ քաղաքացի մտադիր է հեռանալ, եկամուտը քիչ է: 6 ամիս է այստեղ է ու ոչ մի կոպեկ տուն չի ուղարկել, որովհետև, ասում է, մոտո է գնել` գործի՝ առաքումների համար: Հիմա պիտի մոտոն վաճառի ու այդ փողով տոմս գնի դեպի տուն՝ Հնդկաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG