Մատչելիության հղումներ

«Սողոմոնը մեզ համար Սողոմոն է, բայց էս իրականությունում՝ 1489». Շողակաթ Վարդանյան


Ամստերդամում վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը միանգամից 2` «Լավագույն ֆիլմ» և «FIPRESCI» մրցանակները ստացավ։ «1489»-ը 44–օրյա պատերազմում զոհված կրտսեր եղբոր՝ Սողոմոնի մասունքներին տրված համարն է։

«Սողոմոնը իմ, ծնողներիս, իր ընկերների, մեր բոլորիս համար շարունակում է մնալ Սողոմոն ու շարունակում է մնալ երաժիշտ, ով լիքը լավ բաներ կաներ, բայց էն իրականության մեջ, որ տեղի ունեցավ էս երեք տարում, առանց ինքնախաբեության հենց էդ թիվն է էլի», - ասաց Վարդանյանը:

Սողոմոնն անհետ կորել էր 2020 թվականի հոկտեմբերին։ Նրա մասունքների փնտրտուքը ամիսներ է տևել... ևս 1,5 տարի էլ ընտանիքը ստիպված էր սպասել ԴՆԹ պատասխանին:

Երբևէ որևէ ֆիլմ չնկարած Շողակաթը ընդամենը մի հեռախոսի տեսախցիկով սկսեց հետևել եղբոր որոնման ընթացքին, փաստագրել ընտանիքի տառապանքը...սկսեց իրենից. խուզեց գեղեցիկ խոպոպները...ասում է՝ արվեստ մի փնտրեք այստեղ:

«Այս ապրումներից մազարմատներս այնպես էին ցավում, քիչ էր մնում մազերս պոկեի, որոշեցի գնալ ու ուղղակի խուզել, որ պրծնեմ էդ դարդից», - նշեց նա:

Հոր շփումը տանը մոլորված ճնճղուկի հետ, անքուն գիշերներ....սրանք մի քանի ժլատ կադրեր են... ֆիլմը դեռ փակ է, շատ բաներ պատմել չի կարող, փառատոններով պիտի շրջի:

Ծնողները սկզբում չէին հասկանում՝ ինչու է նկարում, դիահերձարանում արդեն հայրն է ասել՝ նկարիր:

«Ֆիլմը թափանցող լույս է, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին աշխարհը` անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատևման գործիք, թույլ է տալիս տեսնել այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել», - այսպիսի գնահատական էր տվել ժյուրին՝ Արցախյան 44–օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմին գլխավոր մրցանակը շնորհելիս։

«Անսպասելի էր», - ասում է 30-ամյա Շողակաթն ու հիշում՝ դեռ առաջին՝ կինոքննադատնների մրցանակը ստանալիս, հանպատրաստից բարձրացել է բեմ ու խոսել՝ պատերազմի զոհերի, Արցախի կորստի, գերիների մասին:

Սողոմոնը դաշնակահար էր։ Շողակաթն էլ։ Հայրը՝ նկարիչ, քանդակագործ, մայրը՝ լուսանկարիչ: Արվեստագների ընտանիքում նորահայտ ռեժիսորի հաջողված ֆիլմը, սակայն որպես արվեստի գործ չեն ընկալում... ընտանիքի, ժողովրդի, մի ամբողջ երկրի դժբախտության մասին է։ Իսկ Սողոմոնի մասին, ասում է ավագ քույրը, պատմել պետք չէ, միայն լսել:

Ավելի մանրամասն՝ վիդեոռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG