Եկող ամսվա ընթացում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ-պաշտոնական հանդիպմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ հայկական կողմը դեռ որոշում չի կայացրել, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, թե վարչապետ Փաշինյանը պետք է մասնակցի այդ հավաքին:
«ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում, անձամբ ես կարծում եմ, որ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, որովհետև մենք այդ կառույցի նախագահությունն ենք ստանձնում, և դա տնտեսական առումով մեր տնտեսական միջավայրն է նաև ապահովում», - պարզաբանեց Սիմոնյանը:
Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին հայ պաշտոնյաները տևական ժամանակ է՝ բոյկոտում են Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը: Հոկտեմբերի վերջին Փաշինյանը չմեկնեց Բիշքեկ, որտեղ նախատեսված էին ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերը, իսկ անցած շաբաթ չմասնակցեց Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի նիստերին: