Մատչելիության հղումներ

«Հարավային Կովկասի իրավիճակը սրելու տարածաշրջանից դուրս գտնվող երկրների փորձերն անընդունելի են». Հասանով


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Հարավային Կովկասի իրավիճակը սրելու տարածաշրջանից դուրս գտնվող երկրների փորձերն անընդունելի են, նոյեմբերի 27-ին Բաքվում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա այդ մեկնաբանությամբ հանդես է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ Բաքվում եռակողմ հանդիպումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա նշել է, որ հանդիպումն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմավարական մակարդակով երկխոսության վառ օրինակ է։

Քննարկումների ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության և համագործակցության կարևորությունը։

«Մենք հայտարարել ենք, որ տարածաշրջանից դուրս երկրների փորձերը՝ ուղղված իրավիճակի սրմանը, անընդունելի են, հակամարտությունների խաղաղ կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության սկզբունքների վրա՝ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասել է Հասանովը։

Դա այդ ձևաչափով Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների թվով 10-րդ հանդիպումն է:

Նոյեմբերի 27-ի հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և մի շարք հարցեր, որոնք, ըստ Trend-ի հաղորդագրության, «կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG