Սայլակները միայն շարժվելու համար չեն, այլ նաև՝ պարելու։ Պատերազմներում, զինծառայության ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորները Զինվորի տանը մեծ համերգի են պատրաստվում. պատասխանատու պահ է, պրոֆեսիոնալ պարուհիների հետ Օպերայի բեմ պիտի բարձրանան։
90-ականներին բանակում խաղաղ պայմաններում լսողությունը կորցրած ու հենաշարժողական խնդիրներ ձեռք բերած Լաերտ Սաղաթելյանը ստիպված էր սայլակով սովորել ապրել։ Պարել երկու-երեք տարի առաջ է սկսել։ Դժվար է, բայց՝ հնարավոր։ Կատակում է՝ քիչ ե՞ն մարդիկ, որ լսում են, բայց ռիթմի զգացում չունեն։
Քչախոս, համեստ, ասում էին՝ ով կմտածեր, որ խաչատրյանական «Սուսերով պարն» ու «Դիմակահանդեսը» հնարավոր է նաև այս տարբերակով ներկայացնել:
44-օրյա պատերազմում վիրավորված Վարդան Վարդանյանն ու պրոֆեսիոնալ պարուհի Քնարիկ Կարապետյանն էլ պատմում էին, թե ադապտացիան ինչ արագ ստացվեց, ու կատակում՝ աղջիկներին սայլակների տակ չեն գցել:
Զինվորի տանը վերջին փորձերն են. կիրակի օրը նրանք կպարեն հանուն կյանքի շարունակության:
«Ազատության» ռեպորտաժը՝ ստորև.