Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ խաղաղության պայմանագրին՝ նշելով՝ եթե այն կնքվի, դա կլինի պարտադրված խաղաղության պայմանագիր:
Երևան-Բաքու ուղիղ բանակցություններն էլ, ըստ էության, երրորդ նախագահը, հնարավոր չի համարում, ասում է՝ երաշխավոր է պետք:
Օրերս Բաքուն պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի հետ երկկողմ ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու, որին ի պատասխան Երևանն առաջարկեց պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել։ Ինչից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ կա նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 30-ին հայ - ադրբեջանական պետական սահմանին անցկացնել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում: Կոնկրետ վայրը Հայաստանի ԱԳՆ-ը չի հստակեցրել: