Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր Քննչական կոմիտեում հարցաքննվել է՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում։ Պատգամավորը քննիչի հարցերին պատասխանել է վկայի կարգավիճակով։
Ըստ Մամիջանյանի՝ վարույթի համար հիմք են հանդիսացել այս տարվա սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում իր ճեպազրույցի շրջանակում արված հայտարարությունները։ Այդ օրը ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել էր Արցախի և Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, նշելով. - «Երևանը փոխվելու է մեր բոլորիս՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի, նաև արյամբ»։ Ավելի ուշ պատգամավորը պարզաբանել էր՝ նկատի է ունեցել, որ ոչ թե ընդդիմությունը, այլ Փաշինյանը կարող է արյուն թափել իր իշխանությունը պահելու համար։
Պնդելով, որ իր դեմ պարզապես քաղաքական հետապնդում է իրականացվում, ընդդիմադիր պատգամավորն այսօր հարցաքննությունից հետո «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տեղեկացել է, թե իր այդ հայտարարության կապակցությամբ ով է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։
«Հարցաքննության հրավիրված էի այսօր առավոտյան, ըստ իմ տեղեկությունների՝ իմ դեմ հաղորդում ներկայացրել է Վանաձորի Հելսինկյան գրասենյակը, եթե չեմ սխալվում՝ Սաքունց Արթուրն է դրա ղեկավարը», - նշեց Մամիջանյանը՝ շարունակելով. - «Մեկնաբանել անկհայտ քաղաքական պատվերը ես չեմ պատրաստվում, այդ օրվա իմ թե՛ ճեպազրույցում և թե՛ ելույթում հստակ ասված էր, որ արյուն թափողը Փաշինյանն է, իսկ հայրենասերներին մնում է ընդամենը չվախենալ որևէ բանից»։
«Ճիշտն ասած, այդտեղ պարզաբանումներ ներկայացնելու կարծում եմ բան չկար, տեքստը պարզապես նորից վերաշարադրել եմ, և վերջ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ընթացք կունենա սա, Ձեզ կներգրավե՞ն այդ վարույթում», - այս հարցին Մամիջանյանն արձագանքեց. - «Վկայից զատ ցանկացած այլ կարգավիճակի համար իրենք պիտի մտնեն Ազգային ժողով՝ նրա համաձայնությունը ստանալու համար: Ճիշտն ասած՝ ես թքած ունեմ»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօր չցանկացավ հաստատել կամ հերքել՝ արդյոք ինքն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ընդդիմադիր պատգամավորի դեմ, խոստանալով արձագանքել ավելի ուշ։
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս հարցի շուրջ հավելյալ մեկնաբանություններ չունեն։
Պարզ չէ՝ արդյոք քննչական գործողություններից հետո պատգամավորին մեղադրանք կառաջադրվի՞, թե՞՝ ոչ։ Մեղադրանք առաջադրելու համար Դատախազությունը պետք է դիմի խորհրդարանին և ստանա օրենսդիր մարմնի համաձայնությունը՝ զրկելու պատգամավորին անձեռնմխելիությունից։