Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ


Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ հանդիպմանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել ԵՄ կողմից նախաձեռնվող հանդիպումներին՝ «հավատարիմ չմնալով Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ ակնհայտ դարձնելով իր ռազմատենչ ու նվաճողական նկրտումները»:

Ազգային ժողովի լրատվության վարչության փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման որոշումը, որը նշանակալի քայլ է մեր տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շուտափույթ մեկնարկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցությանը, մասնավորապես, խորհրդարանական գործընկերության կոմիտեի շրջանակում:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր: Նա շեշտել է, որ ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, և «մեր համագործակցությունը համալրվել է նոր ուղղություններով, մասնավորապես, Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությամբ»:

ԵՄ դեսպաններին է ներկայացվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը:

Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին երեկ ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG