Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների հարցը բանակցությունների օրակարգում է, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Մենք նշել ենք, որ այս պահին բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցը բանակցությունների ընթացքում բարձրաձայնվում է Հայաստանի կողմից», - ասաց Սաֆարյանը։
Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հաղորդեց, որ նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը։
«Ազատությունը» հարցին, թե Հայաստանը դե՞մ է առանց միջնորդների հանդիպմանը, փոխարտգործնախարարը պատասխանեց․ - «Կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է և շատ կարևոր դեր ունի։ Օրինակ՝ այն հարցերը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքներին։ Այստեղ կարևոր է միջազգային մեխանիզմների առկայությունը, կան նաև այլ հարցեր, որտեղ երաշխիքները կարևոր են»։
«Ազատություն»․ - Վերջին բոլոր բանակցություններում նրանց վերադարձի հարցը բարձրացվե՞լ է։ Ի՞նչ է քննարկվում՝ նրանց վերադարձի հարցը, Ադրբեջանի կազմում իրենց իրավունքների պաշտպանության հարցը։
Սաֆարյան․ - Տրվել է պաշտոնական գնահատական տեղի ունեցածին, որ կատարվել է էթնիկ զտում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողության արդյունքում և միջազգային գործընկերների հետ այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ, հարցն օրակարգում է և, բնականաբար, բանակցությունների ընթացքում դրան այս կամ այն կերպ անդրադարձ կլինի։
«Ազատություն»․ - Ո՞ր հարցն է օրակարգում։
Սաֆարյան․- Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանման հարցը, այսինքն՝ վերադարձի իրավունքների հարցերի կապակցությամբ։
Մանրամասները՝ քիչ անց