Գերմանիան շուրջ 85 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին` միջին մասնագիտական կրթությունն ու վերականգնվող էներգետիկան զարգացնելու համար։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարն ու Գերմանիայի տնտեսական զարգացման նախարարության պետքարտուղարն այսօր ներկայացրին միջկառավարական բանակցությունների արդյունքները։
«2014-ից այս կողմ առաջին անգամն է, որ երկու երկրները համատեղ բանակցություններ են վարում, կարծում եմ, սա շատ հստակ ուղերձ է, որ Գերմանիան հուսալի գործընկեր է լինելու Հայաստանի համար», - ասաց գերմանացի պաշտոնյան:
Վերականգնող էներգետիկայի ոլորտում ներդրումները Հայաստանին հնարավորություն կտան հետագայում նվազեցնել էներգիայի գներն ու կնպաստեն էներգետիկ անկախության ամպրապնդմանը, շեշտում էին պաշտոնյաները:
«Այս համաձայնագրով նախատեսված գումարը որպես վարկային միջոց Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով տրամադրվելու է ընկերություններին, ովքեր զանազան նախագծեր են իրականացնելու տարբեր մարզերում», - նշեց էկոնոմիկայի նախարարը:
Գերմանիան աջակցում է Հայաստանին կանաչ էներգետիկային անցումն ավելի արագ իրականացնելու համար. մանրամասնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեզ օգնում է, որպեսզի մենք հնարավորինս արագ էներգետիկ փոխակերպումներ իրականացնենք թե՛ մատակարարման մասում, թե՛ սպառման մասում: Այսինքն՝ մի կողմից էներգաարդյունավետությունը խթանելով նվազեցնել էներգետիկ ռեսուրսների պահանջը, մյուս կողմից էներգիայի աղբյուրները ավելի կանաչ և ավելի վերականգնվող դարձնելու միջոցով նվազեցնել էներգետիկ ռեսուրսների ներմուծումը», - ընդգծեց նախարարը:
Գերմանացի պաշտոնյան երկու երկրների միջև տնտեսական կապերի դինամիկան դրական է գնահատում. ասում է՝ համագործակցում են ինչպես կառավարությունները, այնպես էլ գործարարները։ Պետքարտուղարի խոսքով՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց կա։ Պաշտոնյան նաև հույս հայտնեց, որ Գերմանիան կաջակցի Հայաստանին՝ կոռուցպցիայի դեմ պայքարում ձեռք բերածը պահպանելու համար. «Միջին մասնագիտական կրթությանն ուղղված ներդրումները, այստեղ լավ պատրաստված աշխատուժ ունենալը Հայաստանն ավելի գրավիչ կդարձնի ներդրումների համար»:
Վահան Քերոբյանի խոսքով՝ որակյալ միջին մասնագիտական կրթությունը պետք է լրացնի բոլոր այն բոլոր թափուր աշխատատեղերը, որոնց համար որակյալ մասնագետներ չեն գտնվում։ Նախարարն ասում է՝ դրանք տասնյակ հազարների են հասնում։
Վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է. 2022-ին Հայաստանից արտահանումը ավելի քան 106 միլիոն դոլար է կազմել, ներմուծվել է ավելի քան 420 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ապրանք։