Լոռու մարզի հերթական գյուղերից մեկը մերժեց հանքարդյունաբերությունը։ «ՀՍԿԱ» ընկերությունն էր հանրային քննարկում նախաձեռնել Փամբակ համայնքի Լեռնաջուր գյուղում։
Այստեղ նախատեսում էին շինանյութի հումք գտնել։ Երկրաբանական ուսումնասիրությունների համար թույլատրություն էին խնդրում համայնքից։ Մինչդեռ Էկոտուրիզմով, մեղվաբուծությամբ ու ձկնաբուծությամբ զբաղվող այս փոքրիկ գյուղում դրան դեմ կանգնեցին՝ թե՛ վարչական ղեկավարը, թե՛ բիզնեսի արդեն շոշափելի արդյունքներ ունեցող լեռնաջուրցիները։
Դեռ չորս ամիս առաջ Փամբակ համայնքի ղեկավարն ու ավագանին հաստատել են գյուղի տարածքը կանաչ գոտի հռչակելու և մաքուր մեղր արտադրող մեղվապարկ հիմնելու ծրագիրը, որտեղ հստակ սահմանել են, որ տարածքը կարող է օգտագործվել բացառապես կենդանական ու բուսական միջավայրը պահպանելու դեպքում։
Սահմանափակել են ցանկացած տնտեսական գործունեություն ու շինարարություն, բացառությամբ մաքուր, առանց դեղամիջոցների ու հավելումների մեղր արտադրելու համար նախատեսված կառույցների հիմնումը։ Անգամ թունաքիմիկատների օգտագործումը, որսորդությունը, ռադիոակտիվ թափոնների պահեստավորումն են արգելել։
Տարածքն անձեռնմխելի է համարվում բնությանը միջամտելու ցանկացած գործողության, նաև երկրաբանական ուսումնասիրության համար։