Հայաստանի իշխանությունը արցախահայերի իրավունքների հարցն օր առաջ փակելու նպատակ է հետապնդում, կարծում են Լեռնային Ղարաբաղի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը:
«Պետականություն ստեղծելու կամ պետականության ինստիտուտներ պահելու, զարգացնելու, ինչ-որ բան անելու նպատակ ես չեմ տեսնում և համարում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված», - նշել է Սիմոնյանը:
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Երևանում Արցախի պետական ինստիտուտների պահպանման անհրաժեշտության մասին: Հենց այս քննարկումների ֆոնին էլ իշխանությունից սկսեցին հակադարձել, թե դա սպառնալիք է Հայաստանի համար:
Արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը հարցնում է՝ ինչո՞ւ հանդիպում չեն կազմակերպում և հստակ բացատրում, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը:
«Ես համոզված եմ՝ եթե իրականում սպառնալիքներ լինեն, ապա նրանք կհանդիպեին ու կբացատրեին, բայց քանի որ նրանց այդ արտահայտությունները բացատրություն չունեն, նաև խուսափում են հանդիպումից», - նշեց Գալստյանը:
Արցախցիների տեղահանումից անցել է մոտ երկու ամիս, սակայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների ներկայացուցիչների պաշտոնական որևէ հանդիպում մինչ օրս տեղի չի ունեցել։ Նաև այս փաստը հաշվի առնելով է արցախցի պատգամավորը պնդում, թե Հայաստանին սպառնացող վտանգների վերաբերյալ հայտարարությունները իրականում այլ նպատակով են արվում:
«Նրանք ամեն ինչ անում են օր առաջ փակելու արցախահայության իրավունքների թեման, միջազգային հանրությունը ավելի շատ է խոսում, քան այսօր Հայաստանում իշխանության տարբեր պաշտոնյաներ, որն անընդունելի է մեր համար», - ասաց Դավիթ Գալստյանը::
Արցախի պետական որոշ ինստիտուտների պահպանման դեպքում Հայաստանին սպառնացող վտանգների մասին պնդումները հասկանալի չեն նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանին: Պատգամավորը համարում է, որ դրանց պահպանումը կարևոր է հենց Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը օրակարգում պահելու համար:
«Հայաստանը հայտարարում է, որ ինքը բանակցող չէ այդ հարցի վերաբերյալ, խոսքս կոլեկտիվ անվտանգային իրավունքների մասին է, այն իրավունքների, որոնք ի սկզբանե պարտավորվել էր պաշտպանել: Խոսքս անվտանգության երաշխիքների և իրավունքների վերաբերյալ է», - ընդգծեց Աղաբեկյանը:
Արցախի վրա ադրբեջանական հարձակումից ընդամենը մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր պնդել, թե միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման հարցը Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի համար կարմիր գծերից է։ Արցախի անկումից հետո, սակայն վարչապետ Փաշինյանը այս հարցի շուրջ հրապարակային որևէ դիրքորոշում չի հայտնել: Հարցին չեն անդրադառնում նաև Փաշինյանի թիմակիցները: Իսկ եթե չեն պահպանվում Լեռնային Ղարաբաղի պետական ինստիտուտները, Արամայիս Աղաբեկյանն ասում է՝ ստացվում է՝ արցախցիների իրավունքների հարցը դուրս է մղվում օրակարգից:
«Եթե մենք կորցնում ենք հետագայում որևէ բանակցային հարթակում մեր հարցի վերաբերյալ խոսելու հնարավորությունը, մենք փակում ենք Արցախի պատմության վերջին էջը», - նշեց արցախցի պատգամավորը:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորը այս իրավիճակում կարևորում է Հայաստանի իշխանության հետ քաղաքական քննարկումները, որոնք այդպես էլ տեղի չեն ունենում: Մինչ այժմ պաշտոնական հաղորդագրություններ չկան նաև Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումների վերաբերյալ: Իր վերջին հրամանագրով Սամվել Շահրամանյանը պաշտոններից ազատել էր պետական և համայնքային հիմնարկների մի շարք աշխատողների: Հասարակական հիմունքներով շարունակում են պաշտոնավարել օրենսդիր, գործադիր և դատական մարմինների մի շարք ներկայացուցիչներ: