Գազայի հատվածում «Համաս»-ի բանակցություններն Իսրայելի հետ արդյունք չեն տվել, բայց ձախողված չեն համարվում, Քաթարում ասել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի ներկայացուցիչ Էզաթ Ալ Ռաջեքը:
«20 ժամ տևած բանակցություններից հետո Իսրայելի ուժերը մտել են «Ալ-Շիֆա» հիվանդանոց, նրանք այնտեղից իբր ինչ-որ զենքեր են հավաքել, որ ապացուցեն իրենց պնդումները, բայց դրանք հիմնված են ստի վրա»,- ասել է «Համաս»-ի քաղբյուրոյի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ զինադադարի հասնելու և գերիներին ազատելու հարցով բանակցություններն ընթացել են մարտական գործողությունների առաջին օրերից՝ Քաթարի միջնորդությամբ և երբեմն էլ Եգիպտոսի մասնակցությամբ:
«Բենյամին Նեթանյահուն չի ցանկանում համաձայնության գալ և չի ցանկանում հումանիտար զինադադար, և նա իսկապես շահագրգռված չէ պատանդների կամ գերիների՝ իր զինվորների ազատ արձակմամբ: Նա ցանկանում է երկարաձգել այս պատերազմը, սա կարող է լինել նրա անձնական շահը՝ երկարաձգել պատերազմը»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը Դոհայում: