Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը և Սի Ծինպինն ընդհանուր առմամբ դրական են գնահատել իրենց առանձնազրույցը


Սի Ծինպինը և Ջո Բայդենը, Վուդսայդ, Սան Ֆրանցիսկո, 16 նոյեմբերի, 2023թ.
Սի Ծինպինը և Ջո Բայդենը, Վուդսայդ, Սան Ֆրանցիսկո, 16 նոյեմբերի, 2023թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ «մեծ առաջընթաց է գրանցվել Սան Ֆրանցիսկոյում իր և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի մեկ տարվա դադարից հետո տեղի ունեցած առաջին դեմ առ դեմ բանակցություններում:

Նրանք հանդիպել են Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում գտնվող Վուդսայդ ավանում՝ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի (APEC) շրջանակներում:

Չորեքշաբթի օրը նրանք պայմանավորվել են բացել նախագահական «թեժ գիծ», վերսկսել հաղորդակցությունն իրենց զինվորականների միջև և միասին աշխատել Ամերիկայում օփիոիդային ճգնաժամը զսպելու համար:

Չորս ժամ տևած հանդիպման սկզբում Բայդենն ընդգծել է բաց երկխոսության անհրաժեշտությունը:

«Կարևոր է, որ ես և Դուք հստակ հասկանանք միմյանց՝ որպես երկու առաջնորդներ, առանց թյուր պատկերացումների կամ սխալ հաղորդակցման: Մենք պետք է ապահովենք, որ մեր մրցակցությունը չվերաճի հակամարտության: Մենք պետք է պատասխանատվությամբ կառավարենք այդ մրցակցությունը»,- նշել է Բայդենը:

Սի Ծինպինը չին-ամերիկյան հարաբերություններն անվանել է «ամենակարևոր երկկողմ հարաբերություններն աշխարհի համար», ասել, թե «իրար մեջքով շրջելը տարբերակ չէ»: Նա առաջընթաց է անվանել նաև երկու երկրների պաշտպանական կառույցների շփումների վերականգնումը: Չինաստանը խզել էր այդ կապերն այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականի օգոստոսին Թայվան է այցելել:

Օփիոիդների (ֆենտանիլի) դեմ պայքարի գործարքը Բայդենի համար կարևոր հաղթանակ է ներքին ասպարեզում, քանի որ ֆենտանիլը Միացյալ Նահանգներում թմրամիջոցների գերդոզավորումների հիմնական պատճառն է դարձել:

«Միացյալ Նահանգներում 18-ից 49 տարեկան ավելի շատ մարդիկ են մահանում ֆենտանիլից, քան զենքերից, ավտովթարներից կամ այլ պատճառներով: Այսպիսով, այսօր այս նոր ըմբռնմամբ մենք քայլեր ենք ձեռնարկում զգալիորեն նվազեցնելու քիմիական նյութերի և հաբերի հոսքը Չինաստանից դեպի արևմտյան կիսագունդ: Սա կյանքեր է փրկելու, և ես բարձր եմ գնահատում նախագահ Սիի հանձնառությունն այս հարցում»,- ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ Չինաստանը պարտավորվում է հետևել ֆենտանիլ արտադրող քիմիական ընկերությունների աշխատանքին:

Բայդենը և Սի Ծինպինն անդրադարձել են նաև Թայվանին՝ ժողովրդավարական կղզուն, որը Չինաստանն իր տարածքն է համարում: Սին ասել է, որ Չինաստանը նախընտրում է «խաղաղ վերամիավորումը», բայց չի բացառել որոշակի հանգամանքներում ուժ կիրառելու հնարավորությունը: Բայդենն արձագանքել է, որ Վաշինգտոնը վճռական է տարածաշրջանում խաղաղություն պահպանելու հարցում:

Չինաստանի ղեկավարը Բայդենին կոչ է արել դադարեցնել ամերիկյան սպառազենի տրամադրումը Թայվանին: Երկու ղեկավարները, կարծես, փորձել են նվազեցնել լարվածությունը, սակայն Բայդենի մի մեկնաբանություն կարող է զայրացնել Պեկինին:

Ավելի ուշ պատասխանելով հարցերին՝ Բայդենն ասել է, թե չի փոխել իր տեսակետն առ այն, որ Սին բռնապետ է:

«Դե, տեսեք, ես նկատի ունեմ, որ նա բռնապետ է այն իմաստով, որ նա մի մարդ է, ով կոմունիստական երկիր է ղեկավարում»,- ասել է Բայդենը:

Այդ երեկո ամերիկացի ղեկավարների հետ ընթրիքի ժամանակ Սին ասել է, որ «Չինաստանը պատրաստ է լինել ԱՄՆ-ի գործընկերը և բարեկամը»:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հետագայում Բայդենի մեկնաբանությունն անվանել է «չափազանց սխալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG