Աշխատանքային այցով Հայաստանում է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
Պաշտպանության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Պապիկյանի և Դրագոնեի հանդիպման ընթացքում
քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Էդվարդ Ասրյանն ու Ջուզեպպե Կավո Դրագոնեն նախանշել են 2024 թվականի ընթացքում երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։
Այնուհետև Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի ուղեկցությամբ իտալական գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: