Մատչելիության հղումներ

Չափազանց կարևոր է մոտ ապագայում Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային գծերի իրականացումը․ Էրդողան


Չափազանց կարևոր է մոտ ապագայում տրանսպորտային գծեր իրականացնել, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ։

Ընդգծելով, որ մեծացել է Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նշանակությունը՝ Էրդողանը շեշտել է՝ պետք է աշխատենք, որ դրանք գործարկվեն։

«Ղարաբաղի օկուպացիայի ավարտով մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Հայաստանի պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ կդյուրացնեն այս գործընթացը։ Չափազանց կարևոր է մոտ ապագայում իրականացնել տրանսպորտային գծեր, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը», - նշել է Թուրքիայի նախագահը։

Այս մասին Էրդողանը հայտարարել էր նաև Աստանայում՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության» 10-րդ հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ՝ մասնավորապես նշելով, որ Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող ուղու իրականացումը կարևոր է ո՛չ միայն տարածաշրջանի երկրների համար, այն նաև կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ։

«Որպես թուրքական աշխարհ՝ մենք պետք է շարունակենք մեր աջակցությունը Ադրբեջանին այս գործընթացի հաջող ավարտի համար», - ընդգծել էր նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG