Շուշիից Ստեփանակերտ, հիմա էլ Երևան տեղափոխված Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ուսանող Անուշին Արցախի միջավայրում է պահում: Երևանյան 9 հարկանի շենքի 4 տարբեր հարկերում տեղավորված բուհը նույն հարմարությունները չունի, ինչ Ստեփանակերտում, բայց ամեն ինչ հարազատ է։
Շուշիի այցեքարտերից մեկը համարվող այս բուհի աշխույժ կյանքը գլխիվայր շուռ եկավ Շուշիի անկումից հետո: Այնտեղ թողեցին 4 մասնաշենքերը, ամբողջությամբ կահավորված լսարաններն ու մի քանի լաբորատորիաները։ Եղած-չեղածն այնտեղ թողնելով՝ Ստեփանակերտում են փորձել ոտքի կանգնել:
Երեք տարի առաջ Արցախի կառավարությունը չգործող մի շենք էր տրամադրել, ուսանող-դասախոսներով շենքը կարգի են բերել, տարբեր հիմնադրամների օգնությամբ այնտեղ էլ են լաբորատորիաներ ստեղծել, պանիր ու գինի արտադրել: Բայց, այստեղ էլ ուսումնական պրոցեսը կրկին կանգ առավ, Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո ուսանողների անձնական տվյալներն ու բուհի արխիվն են միայն հասցրել Հայաստան: 600 լիտր գինին մնացել է բուհի մառանում, չհասցրեցին շշալցնել ու որպես համալսարանի արտադրանք վաճառել: Անօդաչու թռչող սարք էին սկսել ստեղծել։
Համալսարանը դեռ 2016-ից իր ներկայացուցչությունն ունի Երևանում, 1180 ուսանողներով ու շուրջ 200 դասախոսներով հիմա այստեղ են շարունակում աշխատանքը, բայց տարածքը ավելի քան 1000 ուսանողի համար շատ փոքր է, չգիտեն՝ վերջն ինչ է լինելու, ինչպես են շարունակելու աշխատել, թեև դասերը չեն ընդհատել:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.