Մատչելիության հղումներ

ՈՄԱ-ն շարունակում է դրամահավաքը՝ չնայած ՊՆ-ից թույլտվություն չունի


 Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում, արխիվ
Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում, արխիվ

Չնայած Պաշտպանության նախարարությունը ՈՄԱ-ին («Ողջ մնալու արվեստ») պաշտպանական երկրորդ գծում ինժեներական աշխատանքների թույլտվություն չի տվել, կազմակերպությունը շարունակում է դրամահավաքը «Գմբեթ 2» նախագծի շրջանակում ամրաշինական աշխատանքների նպատակով:

ՈՄԱ հասարակական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Պաշտպանության առաջին գծում չունենք, այո, բայց պաշտպանության երկրորդ, երրորդ գծերում ունենք գմբեթներ»:

Նախարարությունից, մինչդեռ, «Ազատությանը» փոխանցեցին՝ «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև Զինված ուժերի պատասխանատվության այլ գոտիներում ՈՄԱ-ն ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում: Ռազմական գերատեսչությունը վստահեցնում է՝ սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում Զինված ուժերը ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում են, անհրաժեշտ ֆինանսական միջոցներն էլ կան:

ՈՄԱ-ի գործունեության և նախարարության հնարավոր համագործակցության մասին Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը բացառեց որևէ համագործակցություն այս կազմակերպության հետ:

«Կոնկրետ էս նախագծի մասով որևէ դիմում, քննարկում պետությունը, պատկան մարմինները չեն ստացել, ինչը ևս հարցեր է առաջացնում՝ ապա ինչո՞ւ են սկսել դրամահավաք անել մի բանի մասին, որը որ, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենալու», - «Ազատությանը» ասաց Հակոբյանը:

Մինչդեռ հանրային լայն հնչեղության ստացած այս կազմակերպության ֆեյսբուքյան էջում «ԱզգԲանակ», «ԵրկիրԱմրոց», «ՀամընդհանուրՊաշտպանություն» կարգախոսներով պարբերաբար տեսանյութեր են հրապարակվում, որոնցում կազմակերպության ներկայացուցիչները պատմում են հերթական կրակակետի կառուցման մասին:

ՈՄԱ-ն պնդում է, որ վերջին մեկ տարում այսպիսի մոտ 200 կրակակետ է կառուցվել, տեղանքն էլ կազմակերպության ղեկավարն է որոշել՝ անձամբ գնահատելով հնարավոր վտանգները: ՈՄԱ-ի հանրային կապերի պատասխանատուի փոխնացմամբ՝ յուրաքանչյուրի համար ծախսվել է 930 հազար դրամ: Ընդհանուր առմամբ ստացվում է՝ 200 կրակակետի համար ծախսվել է մոտ 200 միլիոն դրամ:

Ու մինչ այս կազմակերպությունից հավաստիացնում են, թե կրակակետերի կառուցմամբ ամրապնդվելու է երկրի պաշտպանունակությունը, նախարարությունից հակադարձում են, թե կրակակետը փորձարկումից հետո շարքից դուրս է եկել, և զորքերում դրա ներդրման առաջարկը մերժվել է:

«Փորձարկման կադրերը կան, թե ինչ եղանակով է պայթեցվել, ու ապատեղեկատվություն է, որ գմբեթը անարդյունավետ է պայթեցումից հետո», - ասաց Անգին Խաչատրյանը:

Կրակակետ պատրաստելու առաջարկով ինժեներական զորքերի վարչություն օգոստոսին դիմել է քաղաքացի Տիգրան Շահինյանը և այս վարչության աջակցությամբ պատրաստել կրակակետը, որը, ըստ Պաշտպանության նախարարության, փորձնական պայթեցումից հետո շարքից դուրս է եկել: Ռազմական գերատեսչությունից պնդում են՝ դրանից միայն մեկ ամիս անց են տեղեկացել, որ Տիգրան Շահինյանը ՈՄԱ-ի ներկայացուցիչն է։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը ևս այս կազմակերպության հայտարարություններից հետո հարցմամբ դիմել է նախարարություն՝ պարզաբանումներ ստանալու համար, տարակուսած է՝ ինչպե՞ս կարող են առանձին նախաձեռնություններ զբաղվել երկրի անվտանգության հարցերով՝ առանց պետության հետ համագործակցության:

«Խոսքը վերաբերում է անվտանգությանը, ես՝ որպես քաղաքացի, չեմ կարող այստեղ գմբեթ կառուցել ու ասել, որ «ժողովուրդ ջան, մեր երկրի անվտանգությունը ավելի ուժեղացված է, եկեք ինձ օգնեք»: Ու շատ անակնկալ, ամբողջական Պաշտպանության նախարարությունը ուշացումով, հիշեցումներից հետո տրամադրեց տեղեկություն, որ երկրորդ գծում շինարարություն չի իրականացվում, Պաշտպանության նախարարությունը թույլ չի տվել, փորձարկումը անհաջող է անցել, դա երկրորդ գիծը չի, որ մեր հայրենակիցներից շատ-շատերի տպավորությամբ՝ իրենք մասնակից են դառնում Հայաստանի սահմանների անառիկության ամրացմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Թե որքան գումար է հաջողվել հավաքել ՈՄԱ-ին ՊՆ-ի հավանությանը չարժանացած նախագծի համար, պարզ չէ, կազմակերպությունից հրաժարվեցին ստույգ թիվը նշել՝ պնդելով, թե տարեկան հաշվետվություն կներկայացնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG