Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալյուժնին հայտնել է, որ նոյեմբերի 6-ին ծննդյան օրվա նվերի մեջ թաքցված անհայտ սարքի պայթյունից զոհվել է իր օգնական, մայոր Գենադի Չեստյակովը:
«Անարտահայտելի ցավ և ծանր կորուստ Ուկրաինայի զինված ուժերի և անձամբ ինձ համար։ Այսօր ողբերգական հանգամանքներում՝ իր ծննդյան օրը, ընտանիքի շրջապատում, սպանվեց իմ օգնական և մտերիմ ընկեր, մայոր Գենադի Չեստյակովը։ Նվերներով տուփերից մեկում պայթուցիկ սարք էր տեղադրված»,- Տելեգրամ ալիքում գրել է Զալյուժնին:
Մինչդեռ, Ներքին գործերի նախարարությունը, հայտնելով զինվորականի մահվան մասին, նշել է, թե մայորը զոհվել է «զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով»։
«Նրա 13-ամյա որդին ծանր վիրավորվել և հոսպիտալացվել է»,- հաղորդել է ՆԳՆ խոսնակ Մարյանա Ռևան։
Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկա պրավդա» օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, սենյակում պայթյունի պահին ներկա են եղել նաև Չեստյակովի կինն ու դուստրը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք չեն տուժել։