Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով սպանված 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը այդ օրը երկու եղբայրների՝ 6-ամյա Սեյրանի և մեկամյա Կարենի հետ Սառնաղբյուր գյուղում մենակ էին մնացել։ Մայրը՝ 33-ամյա Զարինեն, հերթական անգամ ոտքով ուղևորվել էր Ասկերան՝ հաց և ուտելիք բերելու։
«Առավոտը խոսացել եմ, առավոտը գրկել եմ, ուրախացել են, ասում են՝ մամա, լավ ա, Աղդամի ճանապարհի բաց է, մամա, մեզ շակալադ կբերես։ Չհասցրին իրենց ուզածն ուտել», - պատմում է նա։
Ադրբեջանական բլոկադայի հետևանքով գյուղում ուտելու ոչինչ չկար։ Ստիպված շաբաթը մի քանի անգամ 4 ժամ ոտքով քայլում էր դեպի Ասկերան ու այդքան էլ հետ գալիս։ Ամուսինը՝ Ռադիկը, դիրքերում էր, երեխաներին օգնող չկար։ Զարինեն երբ հասնում է Ասկերան, դիրքերում գտնվող ամուսնու եղբորից զանգ է ստանում, որ ադրբեջանցիները հարձակվելու են, և երեխաներին պետք է շտապ հանել Սառնաղբյուրից։ Մայրն անմիջապես զանգում է գյուղապետին, խնդրում տղաներին ապահով տեղ տանել, բայց վերջինս պնդում է, թե ամեն ինչ հանգիստ է. - «Ասում է՝ տենց բան չկա, պանիկա է, ինձ ոչ մեկը ոչ մի բան չի ասել, սուտ ա, տենց բան չկա, արխային քո առևտուրը արա, արի»։
Հետո արդեն, երբ սկսել են գյուղը ռմբակոծել, Սառնաղբյուրի գյուղապետը համայնքի բնակիչներին, այդ թվում՝ Զարինեի երեք որդիներին՝ Միքայելին, Նվերին և Սեյրանին, տարել է գյուղի մոտակա ձորը։ Ադրբեջանական զինուժը հենց այդ տարածքի վրա էլ կրակել է՝ միաժամանակ սպանելով ոչ միայն երկու մանկահասակ տղաներին՝ Միքայելին և Նվերին, այլև գյուղապետի որդուն, հորն ու գյուղապետի կնոջ մորը։ Գյուղի մյուս բնակիչները, այդ թվում՝ երեխաներ, տարբեր վիրավորումներն են ստացել։ Ծանր վիրավորվել է նաև Զարինեի 3-րդ որդին՝ Սեյրանը։
«Միքայելի կոկորդն է կտրվել, շնչափողը, տենց է մահացել, Նվերի ձեռքն է կտրվել, ոտքը՝ ցրիվ տված, կողքերից է եղել, գլուխը...ահավոր է եղել, մարմինը՝ սաղ վառված», - ասում է մայրը։
Նվերի ու Միքայելի մարմինները ադրբեջանցիները թույլ չեն տվել հանել ձորից։ Մայրը երեխաներին 4 օր հետո է միայն տեսել Ստեփանակերտի դիահերաձարանում։ Սկզբում ասել էին, որ միայն Միքայելն է մահացել, Նվերի սպանվելու փաստը գաղտնի էին պահել։ 8-ամյա տղային այդ ընթացքում երազում է տեսել. -«Մի պահ սիրտս ասում էր, որ Նվերը սաղ ա, որովհետև երազիս էլ տալիս, թե մամ, ինձ փրկի, .... ու տենց էլ չկարողացա փրկեմ»։
Մինչև ավագ տղաների մարմինների բերելը վիրահատել են 3-րդ որդուն՝ Սեյրանի գլխից հեռացնելով բեկորը։ Ասել են՝ կյանքին վտանգ չի սպառնում, բայց Երևանում ստուգման կարիք ունի։ Զարինեն անհանգստանում է՝ գոնե Սեյրանը առողջական խնդիրներ չունենա։
«Որովհետև երեխան մեկ-մեկ ասում է՝ ուժեղ գլխացավ է լինում, սրտխառնոց է լինում, ջերմությունն է բարձրանում, կապրիզնի է շատ դարձել։ Սաղ իր աքչի առաջ է եղել, սաղ հիշում է, ասում է՝ մամա, Միքոն մահացել է, Նվոն մահացել է», - նշում է մայրը։
Արդեն տեղահանման օրերին Զարինեն ադրբեջանական շրջափակումից ի վերջո դուրս եկած ամուսնու և երկու մանկահասակ երեխաների հետ Հակարիի կամրջով հասել է Հայաստան։ Սկզբում ասել են, թե ավագ որդիների մամինները Գորիսում են, հետո պարզվել է, որ տարել են Մասիսի դիահերձարան։ Ընտանիքը ուղևորվել է Արարատի մարզ։ Տղաներին հենց Մասիսի գերեզմանատանն էլ հուղարկավորել են։ Մասիսի փոխքաղաքապետը դաժան փորձությունների միջով անցած այս ընտանիքին ժամանակավոր կացարան է հատկացրել։
Կիսակառույց տանը Զարինեն ապրում է երկու երեխաների, ամուսնու, սկեսրոջ և ամուսնու եղբայրների հետ։ Ավելի ուշ այս ընտանիքը պետք է տեղափոխվի Սիսում գտնվող մի տուն, որն այժմ վերանորոգվում է առաքելական եկեղեցու հովանավորությամբ։ Երբ տեղափոխվեն, համայնքային իշխանությունը խոստացել է լուծել նաև Սեյրանի դպրոց հաճախելու հարցը։ 6-ամյա տղան ընդամենը 19 օր է սովորել։ Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Սեյրանը կորցրեց ոչ միայն եղբայրներին՝ Միքոյին ու Նիվոյին, հայրական տունն ու բակը, այլև դպրոցն ու դպրոցական ընկերներին։
Զարինեի ընտանիքը գյուղի իրենց տնից ոչինչ չի հասցրել վերցրել, միայն փաստաթղթերը և Միքայելի ու Նվերի դպրոցական խմբակային լուսանկարը։ Մայրն այն սեպտեմբերի 19-ից հետո պահում է պայուսակում, ուր էլ գնա՝ տղաները միշտ հետն են. - «Ոչ մի տեղ չեմ թողնում {վինետկան}»։
Զարինեն նեղսրտած է համագյուղացիներից՝ վստահ է, որ հնարավոր էր փրկել երեխաներին։ Ասում է՝ եթե Միքայելին ու Նվերին էլ տանեին գյուղի բարեկամի տուն, որտեղ նաև մեկամյա Կարենն էր, ապա նրանք էլ կփրկվեին... Ասում է՝ հույս ուներ, որ գոնե Աստված կպահի, բայց «նա էլ դաժան վարվեց»։
«Ես ոչ ուզում եմ Ղարաբաղ գնամ, ոչ էլ ուզում եմ անձամբ մեր գյուղը գնամ, որովհետև էդ գյուղը գնալուց ինձ ոչ մի բան չբերեց։ Հատուկ Աստված ջոգեց, երկու երեխուս տարավ», - ասում է նա։
Մի քանի օրից՝ նոյեմբերի 19 -ին, Միքայելը կդառնար 10 տարեկան։ Նրա ու եղբոր՝ 8-ամյա Նվերի բոլոր երազանքները մնացին անկատար։ Բայց, մայրը մի ցանկություն ունի՝ տղաների գերեզմանաքարի հետ կապված. - «Ուզում եմ սիրուն սև քարով սարքեմ, չեմ ուզում սովորական բետոն»։