Մատչելիության հղումներ

Պաշտոնանկություն «Վագներ» խմբի խռովության ակտիվ լուսաբանման համար


ՏԱՍՍ-ի ղեկավար Սերգեյ Միխայլովը, արխիվ:
ՏԱՍՍ-ի ղեկավար Սերգեյ Միխայլովը, արխիվ:

ՏԱՍՍ ռուսաստանյան պետական լրատվական գործակալության ղեկավար Սերգեյ Միխայլովին հուլիսի սկզբին ազատել են պաշտոնից՝ «Վագներ» խմբի վարձկանների ապստամբությունը չափազանց մանրամասն լուսաբանելու համար։ Այս մասին գրում է Moscow Times-ը՝ հղում անելով կառավարական շրջանակներում և Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Կրեմլում հանգել են այն եզրակացության, որ ՏԱՍՍ-ը երկրի ղեկավարների համար անբարենպաստ դիրքից է լուսաբանել խռովությունը:

Մասնավորապես, ըստ Moscow Times-ի զրուցակիցների, ՏԱՍՍ-ն առաջիններից էր, որ հրապարակել է վարձկանների լուսանկարները Դոնի Ռոստովում, ինչը հաստատել է, որ վագներականները գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը:

«Նրանք մոռացել են, որ իրենց հիմնական խնդիրը ոչ թե լուրեր հաղորդելն է, այլ Կրեմլի համար գաղափարապես ճիշտ վարկած ստեղծելը»,- մեջբերել է The Moscow Times-ը ռուսական կառավարության աղբյուրի խոսքերը։

Ինչպես գրում է թերթը, «Միխայլովի մերձավոր շրջապատից երկու հոգի ասել են, որ Ռուսաստանի իշխանությունները չափազանց դժգոհ են եղել ապստամբության ժամանակ ՏԱՍՍ-ի ղեկավարի բացակայությունից աշխատավայրում»:

Մինչդեռ ինքը՝ Միխայլովը, որը 11 տարի առաջ է նշանակվել պետական լրատվական գործակալության ղեկավար, պնդել է, թե այդ օրերին աշխատել է իր գրասենյակում։ Նա չի մեկնաբանել պաշտոնանկության պատճառները։

Միխայլովը, ամենայն հավանականությամբ, չէր պատրաստվում հրաժարական տալ: Նրա աշխատակիցները The Moscow Times-ին ասել են, որ Միխայլովը նրանց հետ քննարկել է 2023-ի տարեվերջի ծրագրերը։

Այժմ ՏԱՍՍ-ը գլխավորում է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Կոնդրաշովը։

«Moscow Times»-ի աղբյուրը նշել է, որ Կոնդրաշովի ղեկավարությամբ, «Ուկրաինայի հետ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ֆոնին և նախագահական ընտրություններին ընդառաջ, գործակալությունը պետք է լինի ավելի ագրեսիվ, սադրիչ և պակաս չեզոք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG