Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան, ասված է ԵԽԽՎ հաղորդագրությունում:
Երևանում Վեհաժողովի ֆինն և շվեդ համազեկուցողները կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արդարադատության և Ներքին գործերի նախարարներ Գրիգոր Մինասյանի և Վահե Ղազարյանի, Ազգային ժողովի պատգամավորների հետ:
Նախատեսվում են հանդիպումներ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և դատական իշխանության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
«Համազեկուցողները կմեկնեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ», - ասված է հաղորդագրությունում: