Բուլղարիայի Ազգային անվտանգության պետական գործակալությունը պահանջում է ռուս լրագրող Ալեքսանդր Գացակի արտահանձնումը և նրան մեղադրում է լրտեսության համար:
«Ազատություն» ռադիոկայանի բուլղարական ծառայությունը պարզաբանում է, որ Գացակը վերջին մեկ ամսվա ընթացքում թաքնվում է Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատան տարածքում։
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով «Ռոսիյսկայա գազետա» պարբերականին, հաղորդում է, որ Գացակն արդեն հեռացել է Բուլղարիայից։
Բուլղարիայի հետախուզական ծառայությունները պնդում են, որ Գացակը լրագրողի անվան տակ զբաղվել է լրտեսական գործունեությամբ և վտանգ է ներկայացնում երկրի համար։ Սեպտեմբերի 20-ին Սոֆիան չեղարկել է նրա հավատարմագիրը:
Սեպտեմբերի 29-ին Գացակին կանչել են ներքին գործերի նախարարություն՝ Բուլղարիայից հեռանալու հրամանը և Եվրամիության տարածք մուտքի արգելքի որոշումն առձեռն հանձնելու համար, սակայն լրագրողը չի ներկայացել և թաքնվել է ՌԴ դեսպանատանը։
Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Գացակի հավատարմագրումը չեղարկվել է առանց բացատրության։ Մոսկվան հայտարարել է, թե պատասխան միջոցներ կձեռնարկի Բուլղարիայի իշխանությունների նկատմամբ: