Մատչելիության հղումներ

Արմեն Ղազարյան. ԼՂ բնակչությունն ունեցել է ոչ թե ՀՀ քաղաքացիությունը հավաստող, այլ՝ ճամփորդական փաստաթղթեր


Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կիրառվում է այն դեպքերում, երբ լինում է փախստականության զանգվածային ներհոսք, ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ «Ազատությանը» տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ որոշվեց արցախցիներին այդ կարգավիճակը տալ:

«Մենք ունեցանք այդպիսի իրավիճակ, և հոկտեմբերի 20-ի դրությամբ մենք ունեինք արդեն հաշվառված 101 հազար 845 անձ նույնականացված, և զանգվածային ներհոսքերի պարագայում ընդհանրապես ընդունված պրակտիկա է և միջազգային իրավունքի տեսանկյունից՝ նաև ընկալելի և ընդունելի, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի կիրառումը», - նշեց Ղազարյանը՝ շարունակելով. - «Այդ կարգավիճակը ներկայումս կիրառվում է նաև Եվրոպական միությունում, օրինակ՝ Ուկրաինայից փախստականների նկատմամբ, և վերջին շրջանում սկսել է առավել հաճախ կիրառվել տարբեր նմանատիպ իրավիճակներում»:

«Բայց մի տարբերությամբ, որ նրանք էթնիկ հայեր են, ունեն Հայաստանի կապույտ անձնագրեր և փաստորեն ունեին այդ պաշտպանության վայրը, այդպես է, չէ՞՝ Հայաստանը», - այս դիտարկմանը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավարն արձագանքեց. - «Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Հայաստանի անձնագրերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր: Նմանատիպ դիրքորոշում արտահայտել է նաև Հայաստանի կառավարությունը՝ Եվրոպական դատարանում, որ կապույտ անձնագրերը տրամադրվել են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը որպես ճամփորդական փաստաթղթեր և ոչ որպես քաղաքացիության հավաստում»:

«Տեղյակ ենք անշուշտ, որ բազմաթիվ խոսակցություններ կան այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկել են քաղաքացիությունից, կամ նմանատիպ այլ եզրութաբանություն է կիրառվում, որը կարծում ենք, որ բացառապես ռելևանտ չէ նմանատիպ իրավիճակում», - նշեց Ղազարյանը՝ ընդգծելով. - «Հայաստանում չկա քաղաքացիությունից զրկման ինստիտուտ, և երկրորդ հանգամանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չի ունեցել՝ ունեցել է ճամփորդական փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը տրամադրվել են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը նրանց ազատ տեղաշարժի իրավունքը իրացնելու հնարավորություններ ապահովելու համար, կամ այլ՝ առողջապահական, սոցիալական տեսակի իրավունքները իրացնելու ճանապարհներ բացելու նպատակով»:

2020 թվականին Շուշիից և Հադրութից տեղահանված արցախցիներին փախստականի կարգավիճակի չտրամադրումը, ըստ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի, «երբեք չի փաստարկվել այն պատճառաբանությամբ, թե նրանք Հայաստանի քաղաքացիներ են»: «Ոչ, փաստարկվել է այն հանգամանքով, որ 2023 թվականին 2020 թվականի համեմատ մենք ունենք իրավիճակի կտրուկ փոփոխություն այս առումով: Զանգվածային ներհոսքի, բռնագաղթի իրողությունը ունենք, և երկրորդը՝ վերադարձի հեռանկարների ներկա պահին անհստակությունը: Նախորդ պարագայում դեռևս գոյություն է ունեցել այն միավորը, որտեղ կարող էին վերադառնալ տվյալ անձինք», - հայտարարեց Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ Հադրութից, Շուշիից տեղահանվածները հիմա արդեն կարող են օգտվել այս կարգավորումից:

«Արդյո՞ք այստեղ խզում չի առաջանում և նաև բանակից խուսափելու հնարավորություն առաջացնում՝ այն իմաստով, որ Հայաստանի քաղաքացիություն ընտրողները կզորակոչվեն բանակ, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա դա անել, կասեն՝ մենք Հայաստանի քաղաքացիություն էլ չենք ուզում, թող մնանք փախստական», - այս հարցին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը պատասխանեց. - «Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի տարբերությունը ստանդարտ ընթացակարգով անհատական դիմումով փախստականի կարգավիճակի տրամադրումից հենց առանձնանում է իր ժամանակավորության բնույթով: Այսինքն՝ ներկայումս Կառավարության որոշումը սահմանել է, որ ժամանակավոր պաշտպանությունը տրամադրվում է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ: Կառավարությունն է որոշելու յուրաքանչյուր դեպքում՝ ինչ ժամանակահատվածով է երկարաձգելու ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը»:

«Որևէ իրավական կարգավիճակի հստակեցում պետք է տեղի ունենա: Ներկայումս մենք հստակեցրել ենք կարգավիճակը՝ փախստականի կարգավիճակ է: Դրանից հետո պետք է տեղի ունենան այլ գործընթացներ, որոնցով արդեն անձը պետք է հստակեցնի իր իրավական կարգավիճակը առավել երկար ժամանակահատվածի համար», - նշեց Ղազարյանը:

Հարցին էլ՝ փախստականները կենսաթոշակ ստանո՞ւմ են, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավարն արձագանքեց. - «Փախստականների և ապաստանի մասին օրենքով նրանք հավասարեցված են կենսաթոշակի իմաստով ՀՀ քաղաքացիներին, սակայն ընթացակարգային մասով կարող են լինել որոշակի տարբերություններ»:

Դիմողների մեծ հոսք դեռևս չկա, դեռ թվերը շատ մեծ չեն, ասաց Արմեն Ղազարյանը: Ընդհանուր, ըստ նրա, շուրջ 150 հազար մարդու մասին է խոսքը:

Ստորև՝ հարցազրույցն ամբողջությամբ.

Արցախցիներին Հայաստանի անձնագիր տրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե քաղաքացիության հավաստում
please wait

No media source currently available

0:00 0:23:15 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG