Մատչելիության հղումներ

«Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա». ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ բացեց


ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ բացեց՝ տեղեկացնելով՝ պարեկային այցերի թիվն այս պահին հասնում է 1000-ի, դիտորդներինը՝ 100-ի։

Ընդգծելով, որ այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հույս հայտնեց, որ միասին կկարողանան նպաստել այդ նպատակի իրականացմանը։

«Ազատության» հարցին ի պատասխան Ռիտերը տեղեկացրեց, որ ԵՄ առաքելությանը միացել է Կանադան և որ ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։

«Ազատության» դիտարկմանը, թե առաքելությունը զեկույցներն ուղիղ Բրյուսել է ուղարկում և հարցին, թե այդուհանդերձ կարո՞ղ է ասել՝ այս պահին ի՞նչ վիճակ է սահմանին, Ռիտերը պատասխանեց․ - «Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա»։

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

XS
SM
MD
LG