2012-ի տարեսկզբին՝ մի օր, աշակերտը չի ներկայանում դասի, դպրոցի տնօրեն Զոհրաբ Մաղաքյանը զանգահարում է տղայի տուն՝ պատճառը պարզելու: Աշակերտի ծնողները խոստովանում են, որ ֆինանսապես ի վիճակի չեն իրենց որդու համար համազգեստ գնել, ուստի նա մնացել է տանը։
«Ես ինձ սարսափելի էի զգում», - պատմում է Մաղաքյանը՝ հիշելով դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց արված այդ հեռախոսազանգը: «Անհնար էր ազատվել մտքից, որ երեխան չի կարողացել դպրոց գալ այդ պատճառով», - ասում է նա:
Շուտով երիտասարդ տնօրենը ձեռնամուխ է լինում դպրոցը վերածելու մի վայրի, որը կարող էր աջակցել իր ամենակարիքավոր աշակերտներին՝ միաժամանակ նրանց գյուղատնտեսություն ուսուցանելով:
Այսօր Հ. Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցում դասերի միջակայքում ակտիվություն է տիրում: Դպրոցի մի դասասենյակում աղջիկներն ու ուսուցիչներն ավանդական երգեր են երգում՝ կտրտելով խնձորներն ու դեղձերը, որոնք տղաները տանում են դեպի չորացման սարքեր:
Դրսում տղաները բահերով ջրի համար տեղ են բացում, որ սալորի ծառերը ջրեն: Դպրոցն ունի նաև ծիրանի ծառեր, ջերմոցի ներսում ելակի թփերի շարքեր են, կարտոֆիլ, ինչպես նաև խաղողի մեծ այգի։ Մոտակա բարձրադիր տեղանքի գյուղում տեղադրված մեղվափեթակներն էլ շուտով կվերադարձվեն դպրոցի տարածք ձմռան համար։
Ստացված տարեկան բերքի բավականին մեծ մասը՝ տոննաներով թարմ խաղող, տասնյակ կիլոգրամ մեղր և մեծ քանակությամբ չոր մրգեր՝ չրեր, սպառում են հենց աշակերտները: Սակայն, հիմնական մասը վաճառվում է տեղի գյուղացիներին, նրանցից շատերն էլ այս արտադրանքը վերավաճառում են մրգի վերամշակման գործարաններին:
Այս եկամուտով դպրոցը կարողանում է հագուստի խնդիրներ լուծել որոշ աշակերտների համար ու սնունդ ապահովել գրեթե բոլոր 250 աշակերտի համար։
«Հայաստանում դպրոցական ճաշերը վճարվում են կառավարության կողմից մինչև չորրորդ դասարան: Այստեղ մենք կարող ենք նրանց կերակրել մինչև իններորդ դասարան», - ասում է Մաղաքյանը՝ նշելով, որ պետական բյուջեով տրվածը կազմում է ընդամենը 151 դրամ՝ մեկ աշակերտի հաշվով մեկ ճաշի համար։
Հագուստի կարիք ունեցող աշակերտների համար ձեռք է բերվում գործվածք, այնուհետև կարի մեջ հմտացած ուսուցիչները պատրաստում են դպրոցական համազգեստ՝ ըստ պատվերի: Մաղաքյանը պնդում է, որ աշխատանքը կատարվում է դասաժամերից դուրս և չի խանգարում աշակերտների ընթացիկ դասերին, սակայն դպրոցը դիմել է՝ օրական մեկ ժամ գյուղատնտեսական աշխատանք ներառելու ուսումնական ծրագրում:
Սննդի արտադրությունն ունի իր կրթական արժեքը ևս, ասում է Մաղաքյանը, քանի որ ոչ բոլոր ուսանողները հետագայում կընդունվեն համալսարաններ, սակայն բոլորն էլ տեսնում են ֆիզիկական աշխատանքի շոշափելի արդյունքները:
Աշակերտուհի Դիանա Կարապետյանն ասում է, որ դպրոցում սովորած հմտություններն իրեն հնարավորություն են տվել օգնելու մորը տանը, մասնավորապես՝ չրեր պատրաստելու հարցում:
«Ես հաճույքով եմ աշխատանքն անում այստեղ՝ դպրոցում, որովհետև մենք բոլորս միասին ենք», - ասում է նա՝ հավելելով․ «Մենք այսպես իրար ավելի ենք մոտիկ դառնում»:
Վերջերս դպրոցի բակում մի հին բարդի պետք է կտրվեր։ Տեղացի արհեստավորների օգնությամբ աշակերտները ծառի փայտից կարողացան պատրաստել բնության գրկում խնջույքի համար նախատեսված մեծ սեղան, որը վաճառվեց 150 հազար դրամով։
Մաղաքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր դպրոցը հիմնականում միայնակ է մշակել ֆինանսավորման տարբերվող այս մոդելը՝ առանց պետական համակարգի հետ առնչվող խնդիրների: Նա հույս ունի, որ մյուս դպրոցները կկարողանան հետևել Ամբերդի օրինակին:
«Մենք տեսնում ենք, որ մեր երկիրը լուրջ խնդիրներ ունի։ Ինչո՞ւ պետք է դպրոցներն անընդհատ գնան և կառավարությունից հավելյալ գումար խնդրեն։ Մեր դպրոցն այժմ նոր պատի համար ֆինանսավորման կարիք ունի, բայց մենք կկարողանանք հավաքել այս գումարը», - ասում է նա՝ հավելելով․ «Մենք կարող ենք օգնել մեր երկրին՝ օգնելով ինքներս մեզ»: