Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մենք Իսրայելը կհայտարարենք պատերազմի հանցագործ»


Թուրքիա - Նախագահ Ռեջեփ Էրդողանի ելույթը պաղեստինցիների հետ համերաշխության հավաքում, Ստամբուլ, 28-ը հոկտեմբերի, 2023թ.
Թուրքիա - Նախագահ Ռեջեփ Էրդողանի ելույթը պաղեստինցիների հետ համերաշխության հավաքում, Ստամբուլ, 28-ը հոկտեմբերի, 2023թ.

Իսրայելը Թուրքիայից հետ է կանչում դեսպանին:

Թուրքիան Իսրայելին պատերազմի հանցագործ կհայտարարի և դա կանի ողջ միջազգային հանրության աչքի առաջ։ Այդ մասին այսօր Ստամբուլում՝ Պաղեստինի հետ համերաշխության բազմամարդ հավաքում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Քանի՞ երեխա և կին դեռ պետք է մեռնի, յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք, բայց որտե՞ղ է արդարությունը, իսկական ջարդ է տեղի ունեցել Գազայում, նրանք ուզում են զանգվածաբար ոչնչացնել Գազայի ժողովրդին՝ զրկելով սննդից, ջրից, վառելիքից»,- ընդգծել է Էրդողանը:

Նա Իսրայելին անվանել է «զավթիչ» և կրկնել, որ «Համաս» շարժումն ահաբեկչական կազմակերպություն չէ։

«Որտե՞ղ էին Պաղեստինի և Գազայի սահմանները 1947 թվականին, որտե՞ղ են դրանք հիմա, Իսրայել, դուք օկուպանտ եք, խումբ, ոչ թե պետություն, թուրք ազգը դա գիտի, եթե Արևմուտքը ձեզ ինչ-որ բան է պարտական, ապա մենք պարտական չենք: Երբ ես ասացի, որ «Համաս»-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, դա անհանգստություն առաջացրեց Իսրայելում: Մենք գիտեինք, թե ինչ արձագանք կլինի, մենք բացահայտ և հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը», - հայտարարել է Էրդողանը։

Նրա փոխանցմամբ, Պաղեստինի հետ համերաշխության ցույցին մասնակցել է մոտ մեկևկես միլիոն մարդ: Միջոցառման կազմակերպիչներն ավելի վաղ հայտնել էին, թե մասնակիցների թիվը կարող է հասնել երկու միլիոնի:

Իսրայելն Էրդողանի այդ հայտարարություններից հետո որոշել է Թուրքիայից հետ կանչել իր դիվանագետներին՝ «վերագնահատելու երկկողմ հարաբերությունները»:

XS
SM
MD
LG