Մեյնի նահանգապետ Ջանեթ Միլսը հաստատել է, որ նահանգի Լյուիսթոն քաղաքում մարդկանց թիրախավորած անձը մահացած է հայտնաբերվել։
«Ես եկել եմ հայտնելու, որ նահանգի ոստիկանությունը հայտնաբերել է Ռոբերտ Քարդի մարմինը Լիսբոն ավանում, նա այլևս սպառնալիք չէ», - երեկ երեկոյան ասել է Միլսը և ավելացրել, որ այդ մասին արդեն տեղեկացրել է նախագահ Ջո Բայդենին:
Հանրային անվտանգության պետական դեպարտամենտի ղեկավար Մայքլ Սաչակը հաստատել է, որ Քարդն ինքնասպան է եղել։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալի մարմինը հայտնաբերվել է տեղական ժամանակով ժամը 19:45-ին։
Ոստիկանության փոխանցմամբ, Ռոբերտ Քարդը ռազմական փորձ ուներ և հրազենի հրահանգիչ էր։
Հոկտեմբերի 26-ին նա կրակահերթեր է արձակել քաղաքի երեք տարբեր վայրերում՝ ռեստորանում, խանութում և ժամանցի կենտրոնում, ապա փախուստի է դիմել:
ԱՄՆ-ում զենքի կիրառմամբ այդ հերթական գրոհի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 18 և վիրավորվել է 14 մարդ:
Նրա արարքի դրդապատճառները հայտնի չեն: Իրավապահները հայտնում են, որ Քարդի տանը հայտնաբերվել է որդուն նրա հասցեագրած նամակը, սակայն դրանում զենքով հարձակում կատարելու մասին որևէ ակնարկ չի եղել:
Այժմ մասնագետները փորձում են պարզել, թե արդյոք Ռոբերտ Քարդը հոգեկան խնդիրներ է ունեցել: