Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և Թուրքիան սկսեցին «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» զորավարժությունը


Ադրբեջան - «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք - 2023» զորավարժությունները, 23-ը հոկտեմբերի, 2023թ.
Ադրբեջան - «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք - 2023» զորավարժությունները, 23-ը հոկտեմբերի, 2023թ.

Այսօրվանից 3 հազար ադրբեջանցի ու թուրք զինվորականներ Հայաստանի սահմանների մոտ զորավարժություններ են սկսում, մինչ այդ երկրների արտգործնախարարները Արարատ Միրզոյանի հետ Թեհրանում խաղաղության պայմանագիրն են քննարկում:

Այս անգամ, ի տարբերություն նախորդ վարժանքների, զինվորները ոչ միայն Բաքու ու Նախիջևան, այլև Ղարաբաղի տարածք կմտնեն` առաջին անգամ Ադրբեջանի անկախացումից ի վեր:

Պաշտոնական աղբյուրներով միայն՝ վարժանքներին մասնակցում է 130 միավոր զրահատեխնիկա, 100 հրանոթ, ավելի քան երկու տասնյակ ավիացիոն միջոց և թռչող սարք:

ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակն Ադրբեջան է բերել նաև իր զինանոցի ամենաազդեցիկ սպառազինություններից մեկը՝ F-16 կործանիչը, թե որքան ժամանակով` հստակ չէ:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության տեսանյութում երևում է` ինչպես են թուրք և ադրբեջանցի զինվորականները հրասայլերի և այլ ծանր զինտեխնիկայի ուղեկցությամբ գործողություններ իրականացնում հարթավայրերում ու լեռնային տեղանքներում:

Ավելին, ռազմական գոևծողությունները նաև բնակելի տարածքներում են փորձարկվում` շենքերի շուրջ, շինության ներսում, ցուցադրվում են շենքի վրա պայթուցիկ սարք տեղադրող, խաղաղ բնակիչների գերեվարող զինծառայողներ։

Ադրբեջանական կողմի մեկնաբանությամբ՝ սրանք «ժամանակակից մարտական մեթոդներով առաջադրանքներ են»:

Մարտական այս հնարքները թուրք և ադրբեջանցի զինվորականները կատարելագործում են Սյունիքի շուրջ լարվածության ֆոնին։

Մինչ այդ Ադրբեջանը մեծաքանակ զորք և զինտեխնիկա էր տեղակայել Հայաստանի սահմանների մոտ ու Արցախի հետ շփման գծի երկայնքով, ինչից հաշվված օրեր անց լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Որքան էլ պլանային, բայց սպառնալիք պարունակում են»

Երևանում մտահոգված չե՞ն սահմանին ծավալվող նոր վարժանքներից. լրագրողի հարցը չավարտած` պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ընդգծել է` դրանք հերթական են, «սահմանին էլ այս պահին հարաբերականորեն կայուն է»:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան, արխիվ
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան, արխիվ

«Մենք որևէ տեղեկատվություն չենք թաքցնում, խուսանավում և այլն: Ինչ լինի՝ մենք պարբերաբար ամեն ինչի մասին կտեղեկացնենք», - նշել է Սարգսյանը:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մինչդեռ, փաստում է` որքան էլ «պլանային», բայց վարժանքներն, այդուհանդերձ, «սպառնալիք պարունակում են»։ Ըստ նրա՝ Երևանում ոչ միայն ուշադիր հետևում են, այլև «անհրաժեշտության դեպքում կարձագանքեն»։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ

«Իհարկե, զորավարժությունները որոշակի վտանգ ներկայացնում են, որովհետև մեր հարևանությամբ է տեղի ունենում, հիմա էլ ավելացել է նաև Արցախի տարածում իրացվող էդ միջոցառումների պլանի մեջ դրվագները: Իհարկե պետք է ուշադիր լինենք, ոչ միայն լինենք, այլ ուշադիր ենք: Հիմա, ինչքանով որ մեր այսօրվա ներուժը թույլ է տալիս ոչ միայն հետևել, այլ պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում նաև արձագանքել», - հայտարարել է Քոչարյանը:

«Երևանի վրա ճնշում գործադրելու ռազմավարություն»

Արևմուտքում, մինչդեռ տագնապով են հետևում թուրք-ադրբեջանական զորախաղերին։ Փորձագիտական շրջանակներում նկատում են,որ վերջին երեք տարիների «պատմական հաղթանակներից» հետո էլ Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել, Բաքուն ու Անկարան շարունակում են «Զանգեզուրյան միջանցք» պահանջել, որն Ադրբեջանը կմիացնի Նախիջևանին, ապա՝ Թուրքիային:

Ֆրանսիական ռադիոն հենց դրա հետ է կապում այս վարժանքները՝ «որպես Երևանի վրա ճնշում գործադրելու ռազմավարություն, ինչը հուշում է, որ հակամարտություն է սպասվում», - ասել է ֆրանսիական լրատվամիջոցի մեկնաբան Դորիան Ջոնսը՝՝ նկատելով , որ Հայաստանի տարածքով 40 կմ միջանցքը ինչպես Բաքվի, այնպես էլ Անկարայի երկարաժամկետ նպատակն է:

Հոդվածագիրը մեջբերում է Brookings Institution-ի վերլուծաբան Ասլի Այդինթասբասին, ըստ որի՝ Էրդողանի վարչակազմն իրականում նախընտրում է առևտրային այդ ճանապահը ստանալ խաղաղ տարբերակով, «սակայն եթե Ադրբեջանը որոշի դա անել ռազմական ճանապարհով, թվում է, թե կարող է հույս դնել Թուրքիայի աջակցության վրա»:

Financial Times-ի հետ զրույցում էլ արևմտյան դիվանագետները անանուն մնալու պայմանով պատմել են՝ Ալիևը կարծես մտադիր չէ մինչ օրս ստացածով բավարարվել: «Մենք անընդհատ ասում ենք՝ «դու ես հաղթողը, դու կարող ես քեզ թույլ տալ մեծահոգի լինել», սակայն՝ ապարդյուն: Բաքուն ասում է, թե տարածքային նկրտումներ չունի Հայաստանի նկատմամբ, ու տեղում ավելացնում՝ բայց...», - պատմել է արևմտյան դիվանագետը, հավելելով` եթե Ադրբեջանը ռազմական հարձակման մտադրություն չունի, ինչո՞ւ չի ստորագրում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթի տակ:

Դիվանագետները նաև նշել են, որ սեպտեմբերյան հարձակումից ընդհուպ մեկ օր առաջ Բաքուն Արևմուտքին վստահեցրել է, որ Արցախի դեմ պատերազմի չի գնա:

Ի դեպ, թուրք֊ադրբեջանական այս զորախաղերը նվիրված են Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին», խորագիրը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» , ով դեռ մեկ դար առաջ Նախիջևանը հռչակել էր թյուրքական աշխարհի դարպաս։ Թուրքական պատվիրակությանն ուղարկելով Ռուսաստան՝ ստորագրելու տարածաշրջանի ճակատագիրը որոշող Մոսկվայի պայմանագիրը, Աթաթուրքն իր ենթականերին հատուկ հանձնարարել էր՝
«Նախիջևանը թյուրքական դարպասն է, արեք ամեն հնարավորը այդ հարցը լուծելու համար»:

Ադրբեջանը և Թուրքիան սկսեցին «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» զորավարժությունը
please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG