Արցախցիների դժգոհություններն արդարացի են, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի» հետ հաղորդմանն ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին, թե ՀՀ իշխանությունները պատրաստվո՞ւմ են հետաքննություն սկսել մի քանի օր առաջ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի առջև տեղի ունեցած բախումների մասնակիցների պահանջների վերաբերյալ, Քոչարյանն ասաց. - «Որ հանրային այդպիսի դժգհություններն արդեն նկատելի են նաև Արցախից Հայաստան մեր հայրենակիցների մոտ, դա ակնհայտ է, և վաղուց այդ հանրային քննարկումները և՛ Արցախում, և՛ Հայաստանում առկա են, բայց հիմա շատ սրվեցին, որովհետև նաև վիճակը սրվեց, և երբ որ հետ են նայում, թե պատճառները որտեղ են իրենց դժբախտությունների, իրենք առաջին հերթին նայում են, որ իրենք ունեն հսկայական պրոբլեմներ»։
Արցախցիները պահանջում էին, որ Արցախի իշխանավորները տեղում պատասխանեն՝ ինչպե՞ս է ստացվել, որ նրանք ունեցվածք են կուտակել, թանկարժեք մեքենաներ ունեն, անգամ տներ Հայաստանում, իսկ դրսում մնացած ժողովուրդը անելանելի վիճակում է հայտնվել։
«Երբ մեր իշխանություններն ասում էին, որ պետք է հետ գնանք և գանք առաջ, վերլուծենք, թե նաև մեր անհաջողությունները ինչպես սկսվեցին, հենց նաև դրա մասին է, որ կոռուպցիան հոշոտել էր մեր երկիրը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում, և քանի որ նաև Արցախի իշխանությունները տեղափոխվել էին Հայաստան, դա մեկտեղվել էր, քանի որ Արցախի երկու ղեկավարները նաև Հայաստանում էին ներկայացնում իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, և նրանց թիմակիցները, և նրանց վարորդներից սկսած բոլորը դարձել էին մեծահարուստներ», - շեշտեց իշխանական պատգամավորը։
Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ այս ծանր պայմաններում ամեն ինչով պետք է կիսվել արցախցիների հետ. - «Եվ առաջին հերթին իրենց կարողությունների, հնարավորությունների սահմանով պետք է կիսվեն ծննդով արցախցի մեծահարուստները, որոնք մեծահարուստ դարձել են արցախյան պատերազմի հաշվին, և նրանք բոլորն ազդեցիկ մարդիկ են, մեծ ունեցվածքի տեր:
Ամեն ինչ պետք է վեր բարձրացվի, պետք է ուսումնասիրվի, որպեսզի թացը չորի հետ չխառնվի, ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում, և բնականաբար, արդարությունը պետք է վերականգնվի», - ասաց նա։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.