Արդեն 3-րդ տարին է, որ Հայաստանում ուսուցիչները մասնակցում են կամավոր ատեստավորման գործընթացի։ Մասնագիտական քննություն հանձնել է շուրջ 7600 ուսուցիչ՝ դասավանդողների մոտ 1/5-ը։ Սակայն, սա չի նշանակում, թե ուսուցիչների 20 տոկոսն արդեն հանձնել է այդ քննությունը, քանի որ 7600 ուսուցիչների զգալի մասը քննության մասնակցել է ավելի քան 1 անգամ, հստակ թիվ Կրթության նախարարությունն առայժմ չունի։
Մինչ այդ գործընթացին կամավոր մասնակցած ուսուցիչները բարձրաձայնում են մի շարք խնդիրների մասին. տարբեր առարկաներից թեստերի բարդությունը համարժեք չէ միմյանց, բարդության աստիճանը կանխատեսելի չէ, ու փոխվում է ամեն տարի։
«Առաջին տարին ասում էին՝ ավելի հեշտ էր, հաջորդ տարի ավելի բարդ էր, և ստացվում է, որ ուսուցիչը պետք է ուղղակի գուշակի՝ այս տարի հեշտ կլինի, բարդ կլինի, իր բախտը կբերի, թե չի բերի։ Միասնական մոտեցում թեստերի կազման չկա», - ասում է Սիրանույշ Տոնոյանը։
Մասնագետներն օրինակ են բերում. ենթադրենք՝ դուք քննություն եք հանձնում անգլերենից՝ TOEFL միջազգային ձևաչափով, ձեր ունեցած ներկա գիտելիքներով եթե 10 տարբեր կենտրոններում հանձնեք 10 տարբեր թեստ, ամեն անգամ կստանաք մոտավոր նույն արդյունքը, ինչը խոսում է թեստի ճիշտ կառուցված լինելու մասին։ Հայաստանում թեստերը տարբեր են եղել գրեթե ամեն տարի, համարժեք բարդություն չեն ունեցել տարբեր առարկաներից։
Հաջորդ խնդիրը, ըստ ուսուցիչների, գրեթե բոլոր թեստերում տեղ գտած սխալներն են, այս տարի աչքի են ընկել հատկապես անգլերենի թեստերը։ Մ՞իթե 3 տարի շարունակ դրանք կազմող ԳԹԿ-ում չեն կարողանում անսխալ թեստեր դնել սեղանին, տարակուսում են դասավանդողները, նկատում, որ անգլերենի դեպքում, օրինակ, դա կարելի է անել անգամ արհեստական բանականության միջոցով. - «Ուսուցիչը մտածում է, կարդում է, ուզում է հասկանալ, թե տվյալ հարցի պատասխանը որն է, բայց պարզվում է՝ ճիշտ պատասխան չկա»։
Անգլերենից բացի, սխալներով աչքի են ընկել մայրենիի թեստերը։ Ավելին՝ Հայոց լեզվից նույն հարցը ցածր ու բարձր դասարանների ուսուցիչների թեստերում ունեցել է տարբեր ճիշտ պատասխաններ. - «Նայեք դասվարների թեստը, ուղղակի ապշելու է։ Ամենաանպատասխանատու չի կարող այդքան թափթփված տեքստ կազմել։ Տեքստի մեջ թեստային առումով առկա էին 6-8 սխալներ։ Որպեսզի քողարկեն այդ թափթփված երևույթը, դասվարներին բոլոր սխալների համար միավորներ տրվեցին»։
Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ասում է՝ ինֆորմացիայի արտահոսքն այնքան մեծ խնդիր է, որ ԳԹԿ-ն թեստերը նախօրոք չի փորձարկում քննություն հանձնող ուսուցչի սեղանին դնելուց առաջ, այնուամենայնիվ վստահեցնում է, որ ամեն տարի դրանք բարելավվում են։
«Եթե կա առաջադրանք, եղել է այնպիսի առաջադրանք թեստում, որը ուսուցիչների 10 տոկոսը կամ դրանից պակաս մարդ է կարողացել լրացնել, նշանակում է՝ դրա բարդության աստիճանը շատ մեծ է, և դրա համար միավոր հաշվում են բոլոր ուսուցիչների համար, բայց մենք ունենք, մանավանդ այն առարկաներից, որոնք երկրորդ, երրորդ տարին է ատեստավորման, թեստերն արդեն բավական լավ են պատրաստված», - վստահեցրեց նա։
Թեստերը շատ ակադեմիական են. ուսուցիչներ
Հաջորդ խնդիրը, որի մասին խոսում են ուսուցիչները, դրանք շատ ակադեմիական են, ստուգում են միայն այսպես ասած՝ շտեմարանային գիտելիքներ։ Ատեստավորման թեստը լավ արդյունքներով հաղթահարած ուսուցիչները «Ազատության» հետ զրույցներում վստահեցնում են, որ առարկաների մեծ մասի դեպքում թեստը հնարավոր է բարեհաջող հանձնել, եթե նախկինում ծանոթ ես եղել, կամ ինքդ ես աշխատել տվյալ առարկայի շտեմարաններով, որոնցով պարապում են կրկնուսույցները։ Ընդ որում, թեստերի հեղինակներն էլ իրենք, չի բացառվում, որ կրկնուսույցներ են։ Արդյունքում, ըստ ուսուցիչների, այժմ կրկնուսույցները բարձր գներով պարապում են ատեստավորվողների հետ։
«Ես գիտեի անգամ դասախոս, որ ուներ ութ խումբ Հայոց լեզվի, ամեն խմբում ներառված 15-20 ուսուցիչ և պարապում էր Հայոց լեզվի թեստի համար, ոչ մի ուսուցիչ առանց պարապել չի գնում։ Այս տարի 40 հազար դրամից սկսած մինչև 60 հազար պարապում էին Մաթեմատիկան», - ասում է ուսուցիչներից մյուսը։
Թեստերի թերություններից խոսելուց բացի, ուսուցիչները ընդհանուր հարց են բարձրացնում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Կրթության նախարարությունը նման որակի թեստերով, հայտնաբերե՞լ ու հավելավճարով խրախուսե՞լ նրանց, որոնք տարիներ շարունակ կրկնուսույցներ են եղել ու լավ ծանոթ են, օրինակ, Մաթեմատիկայի ու Հայոց լեզվի շտեմարանային գիտելիքին և համակարգից դուրս թողնե՞լ նրանց, որոնք չեն հասել անցողիկ 60 միավորի շեմին. - «Այստեղ մի ուսուցչի կհաջողվի վերցնել թեստի տեխնիկան, յուրացնելով տեխնիկան պատասխանել հարցերին և ստանալ բարձր միավոր, իսկ մյուսը, որը չի տիրապետում այդ տեխնիկային, կարող է հավաքել ցածր միավոր»։
Կարլեն Նազարյանը, որն աշխատում է մասնավոր դպրոցում ու թեստը հանձնել է հետաքրքրությունից դրդված, նկատում է՝ ատեստավորման թեստերն իրենց բնույթով հակասում են ներդրված նոր չափորոշիչներին։
«Կանխորոշիչն ուսուցչին մղում է ազատության, չափորոշիչն ուսուցչին տալիս է ստեղծագործելու, իր մտքերը ստեղծագործաբար ներկայացնելու հնարավորություն, բայց և մյուս կողմից ատեստավորումը ուսուցչին տանում է դեպի շտեմարաններ և անգիր արված իրողությունների իմացության դաշտ», - նկատեց նա։
Հանրակրթության վարչության պետը հակադարձում է՝ իսկ ինչպե՞ս ստուգեն հազարավոր ուսուցիչների գիտելիքները, ստեղծագործական աշխատանք նրանց չեն կարող առաջարկել, մյուս կողմից կառավարությունը ցանկանում է աշխատավարձի հավելումներ տալ լավ պատրաստված ուսուցիչներին ու համակարգից հեռացնել նրանց, որոնք չունեն բավարար գիտելիքներ։
«Օրինակ՝ եթե ուսուցիչը 50-59 միավոր է ստանում, էլի որոշակի գուցե վերանայումներ փորձենք անել և որոշակի տարբերակներ մտածենք այս ուսուցիչների համար, բայց մյուս կողմից եթե մարդն իր դասավանդած առարկայից մասնակցում է քննության և օրինակ՝ 20 տոկոս արդյունք է ցուցաբերում, լուրջ հարց է առաջանում պետության մոտ, թե ինչպես է ինքն այդ առարկան դասավանդում երեխաներին», - ասաց Թամարա Սարգսյանը։
Կրթության նախարարության ներկայացուցիչն ասում է՝ շարունակում են աշխատել ատեստավորման գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու համար, դասավանդողներին առաջարկելով նաև վերապատրաստման ծրագրեր։
Նախարարությունից տնօրեններին զգուշացրել են աշխատանքից չհեռացնել ուսուցիչներին
Մինչ այդ ուսուցիչները նկատում են՝ աշխատանքը կորցնելու վտանգի առջև հենց հիմա կանգնած է դասավանդողների մի մեծ խումբ։ Մինչ Հայաստանի ուսուցիչների ավելի քան 80 տոկոսը չի մասնակցել այս քննություններին, նրանք, ովքեր գնացել են կամավոր ու չեն հաղթահարել 60 տոկոսի շեմը, ըստ կառավարության որոշման, կարող են հեռացվել դպրոցից։
Այս տարվա քննության տվյալները դեռ մշակվում են, իսկ 2022-ին Մաթեմատիկայի քննության մասնակցած 524 ուսուցիչներից անցողիկ շեմը հաղթահարել է միայն 18.5 տոկոսը, Հայոց լեզվի 439 ուսուցիչներից՝ 17.3 տոկոսը։ Արդյո՞ք պիտի մնացած ուսուցիչները զրկվեն աշխատանքից։
Նախարարությունից շտապում են վստահեցնել, որ տնօրեններին զգուշացրել են՝ նման քայլերի չգնալ. - «Որոշակի վերլուծություններ անելուց հետո նոր մենք կհասկանանք՝ ինչ-որ փոփոխությունների գնալու ենք, թե չէ»։
Ուսուցիչների սոցցանցերի մասնագիտական խմբերում նկատելի են նաև հարյուրավոր մեկնաբանություննե, թե պետք է բոյկոտել գործընթացը, չմասնակցել դրանց, ոչ ոք իրավունք չունի ստուգելու դասավանդողներին և այլն։ Կան նաև պնդողներ, թե կառավարությունը դիտավորյալ բարդ թեստեր է պարտվիրում, քանի որ չի ցանկանում բարձրացնել աշխատավարձերը։
Վարչության պետը հակադարձում է՝ ամեն տարի թերակատարվում է հավելավճարների բյուջեն, և ֆինասավորման խնդիր համակարգը չունի։ Այս պահին մոտ 1500 ուսուցիչ ստանում է աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար։ Իսկ շաբաթական 20 ժամ պարապող ուսուցիչների միջին աշխատավարձը Հայաստանում մոտ 100 հազար դրամ է, եթե դասղեկ չեն, ապա ավելի քիչ։