Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ հանդիպել է հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպանների հետ։
Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի՝ նա ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում «Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումներից հետո» (այդպես է Ադրբեջանը ներկայացնում սեպտեմբերի 19-ի Արցախի դեմ հարձակումը), Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։
Արտգործնախարարն ընդգծել է, թե «սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումները», որոնց հետևանքով Արցախը հայաթափվեց, «լեգիտիմ են և կարևոր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»։
«ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այսօր տարածաշրջանում ստեղծվել է խաղաղության եզակի պատմական հնարավորություն», - ասված է հաղորդագրության մեջ։