Հայաստանի կառավարությունը դիտարկում է Հանրապետությունում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեության հետ կապված բոլոր հնարավոր տարբերակները, այսօր ճեպազրույցին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Քննարկվում են բոլոր հնարավոր սցենարները»,- ասել է նա, պարզաբանելով, որ ռուսական հեռուստաընկերությունների հետ նախարարության ստորագրած համաձայնագիրը խախտումների դեպքում ենթադրում է որոշ քայլեր։
Ռուսաստանի ՏԱՍՍ գործակալությունը, հաղորդելով այս մասին, հավելում է, թե ավելի վաղ իշխող ուժի պատգամավոր Լուսինե Բադալյանն ասել էր, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հնարավորությունը, քանի որ դրանց բովանդակությունը հակահայկական է և սպառնում է երկրի անվտանգությանը։