Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրի մոտ 54-ամյա տղամարդու նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքով ձերբակալվել է Երևան քաղաքի 40-ամյա բնակիչը, հայտնում է Քննչական կոմիտեն:
Ըստ հաղորդագրության՝ նա հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01:30-ին, ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին՝ միաժամանակ ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` փամփուշտներով:
ՔԿ-ն հայտնում, որ հոկտեմբերի 18-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:40-ին, 54-ամյա տղամարդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության՝ «Աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և 1 գնդակ: Կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան: