Հոկտեմբերի 19-ի գիշերը Եգիպտոսը հայտարարեց Ռաֆահ անցակետով «կայուն» միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։
«Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին և Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են Ռաֆահ տերմինալի միջոցով Գազայի հատված կայուն մարդասիրական օգնության մատակարարման շուրջ», - հայտարարել է Եգիպտոսի նախագահի խոսնակ Ահմեդ Ֆահմին։ Նա չի հստակեցրել, թե երբ կսկսվեն մատակարարումները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ նախագահ Սիսին իր հետ հեռախոսազրույցում համաձայնել է մինչև 20 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։
Նրա խոսքով՝ մարդասիրական օգնություն ունեցող բեռնատարները, ամենայն հավանականությամբ, Ռաֆահի սահմանային անցակետով կանցնեն ուրբաթից ոչ շուտ։