Մատչելիության հղումներ

«Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում որևէ սենսացիոն նորություն չկա». փոխարտգործնախարար


«Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում որևէ սենսացիոն նորություն չկա», - այսօր հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում ունեցած ելույթի մասին հարցին: Երեկ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ավելի մոտ լինել Եվրամիությանը:

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի», - նշել է Փաշինյանը:

Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը: Որքա՞ն ավելի մոտ կարող է լինել Հայաստանը և արդյո՞ք Եվրամիությանը մոտենալը չի նշանակում հեռանալ այլ միություններից, որոնց անդամ է Հայաստանը: Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում այսօր Մոսկվայից հնչած քննադատությանը: Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ ռուսական անանուն աղբյուրի արած հայտարարություններին ծանոթ չէ, չի կարող մեկնաբանել, իսկ Եվրամիության հետ համագործակցության մասով, որ Փաշինյանի ուղերձը հաստատում է արդեն գոյություն ունեցող քաղաքականությունը:

«Եվրամիության հետ մեր հարաբերությունները միշտ ուղղված են եղել ապահովելու բարեփոխումներ, մարդու իրավունքներ, երկրի տրանսֆորմացիան: Դրան էր ուղղված մեր ՍԵՊԱ պայմանագիրը, որն իրականում ասոցացման պայմանագրի ավելի թեթևացված տարբերակն էր նախորդ քննարկված տարբերակի համեմատ: Եվրամիությունը մնում է Հայաստանի բարեփոխման տեսանկյունից կարևորագույն գործընկերը: Այս ուղերձը միայն հաստատում էր մեր քաղաքականությունը՝ հնարավորինս խորացնել և ընդլայնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ և անդամ երկրների: Մեր Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում որևէ սենսացիոն նորություն չկա», - ընդգծեց փոխարտգործնախարարը:

Ուշագրավ է, որ իսպանական Գրանադայում քառակողմ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ մի փոքր այլ ձևակերպում են տալիս Եվրամիություն -Հայաստան հարաբերությունների ամրապնդման հեռանկարին, նշելով, որ «աջակցություն են հայտնում Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից»:

Հենց այդ նույն ձևակերպումն է տալիս Փաշինյանը նաև մեկ շաբաթ առաջ Հանրայինին տված հարցազրույցում. - «Արձանագրվեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան ըստ էության Հայաստանը կցանկանա, կամ այնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին»:

Ի վերջո, Հայաստան -ԵՄ հարաբերությունները հնարավոր է խորացնել այնքան, որքան դա հնարավոր է համարում Եվրամիությո՞ւնը, թե՞ որքան որ ցանկանում և հնարավոր է համարում Հայաստանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը այս երկու ձևակերպումներում հակասություն չի տեսնում:

«Նույն բանն է, նույն մեդալի երկու կողմերն են, հակասություն այդտեղ չկա: Դա երկկողմանի պրոցես է: Հիմա յուրաքանչյուր երկիր իր որոշակի հարաբերությունները ունի Եվրամիության հետ», - ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ մինչև 2026 թվականը նախատեսված Եվրամիության հետ պայմանագիրը հնարավորություններ է տալիս երկկողմ հարաբերությունները զարգացնելու: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը» չի հակասում նաև Եվրասիական տնտեսական Միությունում Հայաստանի անդամությանը, նոր իրավական - փաստաթղթային շրջանակ գծելու մասին դեռ խոսակցություններ չկան:

«Եվրամիության հետ եղած իրավապայմանագրային բազայում մենք դեռ Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու բավականին տեղ ունենք՝ և՛ ծավալը, և՛ որակը: Երբ որ այդ հարաբերությունների իրավապայմանագրային լիմիտը գա, որից հետո շարժվելու համար արդեն կարիք կլինի իրավապայմանագրային բազա վերանայելը, այն ժամանակ կխոսենք», - նշեց Եղոյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից դաշնակցական Արմեն Ռուստամյանը քննադատում է Փաշինյանին, նշելով, որ նա տարբեր հարթակներում տարբեր հայտարարություններ է անում մերթ՝ արտաքին քաղաքական վեկտորը չփոխելու, մերթ Եվրամիությանն ավելի մոտ լինելու մասին, ինչը դիվանագիտության ձախողում է:

«Գնահատում եմ՝ խայտառակ ձախողում մեր դիվանագիտության, որովհետև չի կարող չհայեցակարգված դիվանագիտությունը հաջողություն բերել երկրին: Այսօր կարող է հանդես գալ որպես ռուսամետ, հաջորդ օրը հանդես գալ արևմտամետ, այսինքն, գնալ Ստրասբուգում ասել բաներ, որ իրենց է հաճելի լսել, գալ Մոսկվայում ասել էն, ինչ որ մոսկվային է հաճելի լսել, Թեհրանում, Վաշինգտոնում համապատասխան: Էս ձևով մենք կկարոցնենք մեր բոլոր հնարավոր թե՛ բարեկամներին, թե՛ կստեղծենք տպավորություն, որ արտաքին քաղաքականությամբ ենք զբաղվում, բայց իրականության մեջ մեր հիմնական ազգային, պետական շահերը օրակարգ չեն բերվում և դրան համապատասխան հետևողական քայլեր չեն կատարվում», - ասաց Ռուստամյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG