Արցախցի Սուսաննա Գրիգորյանը 50 տարեկանում Շիրակի պետական համալսարանի ուսանող է դարձել՝ շարունակելու 3 տասնամյակ առաջ կիսատ թողած ուսումը։ 5 երեխաների մայրն ու մեկ թոռնիկի տատիկը պատմում է՝ երբ տեղահանության ժամանակ առաջին անհրաժեշտության իրերն էր դասավորում, որոշեց նաև ուսանողական տետրերը Հայաստան բերել։
Տիկին Սուսաննան Մանկավարժության ֆակուլտետի 4-րդ կուրսում հեռակա է շարունակում ուսումը։ 5 տարի Ստեփանակերտին մոտ Աջափնյակ գյուղում է դասավանդել, հետո երեխաների խնամքով զբաղվել։ Հիմա հենց երեխաներն են համոզել, որ մայրը բարձրագույն կրթություն ստանա ու հետո դասավանդի։ Հայաստանյան դպրոցներում աշխատելու համար բարձրագույն կրթությունը օրենքի պահանջ է։
Տանը հիմա 2 ուսանող ու մեկ դպրոցական կա։ Ուսանող մայրն ասում է՝ օրինակ է ծառայել և՛ երեխաներին, և՛ նախկին համակուրսեցիներին։
Գյումրիում տուն են վարձել ու առայժմ այստեղ կապրեն։ Արդեն հասցրել է ձմռանը նախապատրաստվել, պահածոներ է պատրաստել։